Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ՀՀ տնտեսությանը մի քանի օլիգարխների, մի քանի սեփականատերերի կողմից անդառնալի վնաս է հասցվել. «Մենք հասկանում ենք, որ վնասի մասշտաբներն ու համակարգային բնույթն այնքան մեծ է, որ նույնիսկ մենաշնորհների վերացումը եւ մրցակցային պայմանները բավարար չեն, որ մեր տնտեսությունը այս վիճակից կարողանանք դուրս բերել: Այն շարունակում է մնալ անկողնային հիվանդի վիճակում: Նախկինից մնաց խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցությունը տնտեսության մեջ ենթակառուցվածքային ներդրումներ անելու իմաստով լինո՞ւմ է, ծրագրո՞ւմ է կառավարությունը նման գաղափար իրականացնել»: Նա պարզաբանեց, որ խոսքն առանձին ծրագրերի մասին չէ, այլ մի խոշոր ծրագրի, երբ նախկին 10-15 խոշոր օլիգարխները կկարողանան գումար դնել ու ներդրում անել ենթակառուցվածքների մեջ, առանց դրա դժվար կլինի տնտեսությունը վերականգնել:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Համաձայն չեմ ձեր բնորոշման հետ, որ մեր տնտեսությունը անկողնային հիվանդ է, որովհետեւ առնվազն հիմա մեր տնտեսությունը բավականին լավ դինամիկա է արձանագրում ու եթե այս դինամիկան կարողանանք պահպանել, մեր տնտեսությունն ամուր կկանգնի իր ոտքերի վրա ու առաջ կգնա: Մենք այդպիսի խնդիր ենք դրել»: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային ներդրումներին, վարչապետն ասաց, որ այս տարի ճանապարհաշինական աննախադեպ ծավալի աշխատանք են կատարել ու կատարում, որը կշարունակվի մյուս տարի. «Իմ հարցը հետեւյալն է՝ ընկերությունը, խոշոր գործարարը արդյոք աշխատո՞ւմ է օրինական դաշտում եւ իր հարկային պարտավորությունը կատարում է: Ես չեմ կարծում, թե մենք պետք է տնտեսվարողներին անընդհատ պահենք կիսալարված վիճակում: Մենք ցույց ենք տվել այս մեկուկես տարվա ընթացքում, որ սեփականության անձեռնմխելիության իրավունքը հստակ պաշտպանում ենք»:
Վարչապետն ասաց, որ բիզնեսի համար թելադրել են իրենց կանոնները, առաջինը՝ մի գողացիր, երկրորդը՝ եղիր արդյունավետ, երրորդը՝ եղիր նորարար եւ չորրորդը՝ եղիր համագործակցող. «Այսօր շատ խոշոր ներդրումներ տեղի են ունենում եւ տեղի են ունենալու»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, միջազգային վստահությունը մեր տնտեսության նկատմամբ օր օրի մեծանում է, դրա մասին են վկայում ԱՄՀ հայտարարությունները:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ