Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ. «Բաբլոյանը ներկայացել է հարցաքննության իր իսկ նախընտրած ժամին»

Հոկտեմբեր 23,2019 19:11

Հատուկ քննչական ծառայությունն արձագանքում է Արա Բաբլոյանի այն հայտարարությանը, որ ՀՔԾ-ն ստիպել է իրեն ներկայանալ հարցաքննության, մինչդեռ ինքը կարեւոր վիրահատության պետք է մասնակցեր՝ լյարդի փոխպատվաստման, որն առաջին անգամ է կատարվել մեր երկրում: Այս առնչությամբ Aravot.am-ին ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց. «Արա Բաբլոյանին օրենքով սահմանված կարգով հրավիրել են հարցաքննության երեկ առավոտյան: Սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, եւ Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Ապա` հարցաքննության ընթացքն իր իսկ խնդրանքով ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»:

Այսօր ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը, որը որպես կասկածյալ երեկ հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության, այսօր լրագրողներին ասել է.«Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետեւ իմ հարցաքննությունը չուներ որեւիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը (Արաբկիր ԲԿ-ում բացառիկ վիրահատություն է արվել հայ եւ բելառուս բժիշկների հետ միասին՝ երեկ առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից. Ն.Բ.), նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։ Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ եւ անձամբ այցելեցի»:

Բաբլոյանի տեղեկացմամբ. «Վիրահատությունը չի տուժել, որովհետեւ ես ունեմ լավ թիմ, Բելառուսի թիմն էլ էր այստեղ, նրանք շարունակեցին հանգիստ աշխատել, եւ ես գնացի ու եկա։ Բայց ինքը՝ երեւույթը տհաճ էր»:

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, որին Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Ըստ ՀՔԾ-ի.«Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչեւ Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031