Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. «Ինձ մի բանում կարող են մեղադրել՝ նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության»

Հոկտեմբեր 23,2019 18:50

«Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության: Այդ հարցում կա հստակ մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հարուցած քրեական գործին, որին Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ:

Ըստ ՀՔԾ-ի՝ «Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել»:

Բաբլոյանը վստահեցրել է՝ ինքը ստորագրել է այն փաստաթուղթը, որը դրված է եղել իր սեղանին. «Ես ստորագրել եմ այդ օրը, այդ ժամին եւ դա տեղադրված է կայքում: Ստորագրել եմ ոչ թե ես ամսի 5-ին ամսի 2-ի ամսաթվով, այլ ես ստորագրել եմ ամսի 2-ին, երբ իմ առջեւ եղել է Գագիկ Հարությունյանի մարտի 1-ի թվագրած դիմումը պաշտոնից ազատվելու հարցում։ Մնացածը թող իրենք կարողանան իրավապահները պարզեն՝ ինչո՞ւ են ուշ դրել մալբրիի մեջ, ինչո՞ւ է ուշ եկել հասել: Ես ինքս գիտեմ, որ գործել եմ Սահմանադրության եւ օրենքների սահմաններում, եւ չեմ խախտել օրենքն ու Սահմանադրությունը: Ես չեմ կարող պատասխան տալ, թե՝ ինչո՞ւ Գագիկ Հարությունյանը շուտ է գրել: Ես դրա համար պատասխանու չեմ»:

Նկատենք, Գագիկ Հարությունյանն այսօր հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել:

Բաբլոյանը մեկ անգամ եւս կրկնեց. «Մի հարցի կարող եմ պատասխանել, եթե բարձրացնեն՝ ես խախտում եմ թույլ տվել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ: Պաշտոնապես հայտարարում եմ, ու թող իրավապահները գտնեն խախտումը»:

Իսկ ՀՔԾ-ի մեղադրանքի մասին էլ Բաբլոյանն ասել է՝ եթե մեղավոր լինի՝ պատրաստ է պատիժը կրել.«Բայց ուզում եմ իմ ժողովրդին հայտարարել՝ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինքնագործունեություն անել, մանավանդ պաշտոնում եղած ժամանակ: Այն ժամանակ աշխատողների կեսը «Մալբրի» համակարգ մտնել-դուրս գալ չգիտեր, չեմ բացառում, որ լավ չեն տիրապետել համակարգին»:

Բաբլոյանը հրավիրել էր հարցաքննության, մինչդեռ երեկ հարցաքննության հրավիրելու օրը Արաբկիր ԲԿ-ում բացառիկ վիրահատություն պետք է աներ հայ եւ բելառուս բժիշկների հետ միասին՝ երեկ առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից: Բաբլոյանն այս առնչությամբ ասել է.«Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետեւ իմ հարցաքննությունը չուներ որեւիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։ Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ եւ անձամբ այցելեցի»:

Նա տեղեկացրել է, որ հարցաքննությունը տեւել է մոտ 3 ժամ:

«Բարեբախտաբար վիրահատությունը չի տուժել, որովհետեւ ես ունեմ լավ թիմ, Բելառուսի թիմն էլ էր այստեղ, նրանք շարունակեցին հանգիստ աշխատել, եւ ես գնացի ու եկա։ Բայց ինքը՝ երեւույթը տհաճ էր»,-ասել է Բաբլոյանը:

Թե ի՞նչ հրատապություն կար, որ քննիչը ստիպել է բժշկին վիրահատությանը չմասնակցել եւ ներկայանալ հարցաքննության, եւ արդյոք Բաբլոյանին պարտադրել են ներկայանալ հարցաքննության, մեր այս հարցերին ՀՔԾ-ից խոստացան առաջիկայում պատասխանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031