ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանը ևս կմնա կալանավորված: Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:
Հիշեցնենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշել է ուժի մեջ թողնել նաեւ Նարեկ Մութաֆյանի`կալանքի տակ մնալու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս երկու երիտասարդները կալանավորվել են, այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո:
Դատարանի որոշման հրապարակումից հետո փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գոնե Սարգիս Օհանջանյանի մասով ազատ արձակելու վճիռ էր սպասում, քանի որ, եթե Նարեկ Մութաֆյանի մասով բերվում է դատավորի հետ զրույցը, այսինքն, հարցերը դատավորին հենց Նարեկ Մութաֆյանն է ուղղել, ապա Սարգիս Օհանջանյանը միայն տեսախցիկն է պահել, ոչ մի բառ չի ասել: Դա նախաքննությամբ էլ ապացուցվել է:
Պաշտպանը նաեւ տարակուսում է`այն ժամանակ, երբ տեղի է ունեցել հայտնի դեպքը, դատավոր Աննա Դանիբեկյանն արձակուրդում է գտնվել, ուստի, իր գնահատմամբ, այդ միջադեպը որեւէ կերպ չէր կարող արդարադատությանը խոչընդոտել, քանզի արձակուրդում գտնվող դատավորն արդարադատություն չէր իրականացնում:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Որոշման հրապարակումից հետո, դատարանի բակում հավաքված Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի հարազատներն ու համակիրները բորբոքվեցին, սկսեցին վանկարկել`«ամոթ, ամոթ», «վնգստացող դատավորներ»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ