Aravot.am-ը Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտածում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կտրուկ բարձրացնելու գաղտնի քայլերի կամ իշխանությունների այն հիմնավորումների մասին, թե դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն: Չէ՞ որ անձը, որին առաջարկվում է այս կամ այն բարձր պաշտոնն ու պատասխանատվությունը, համաձայնությունը տալուց առաջ տեղյակ է լինում իր ստանալիք աշխատավարձի չափի մասին: Հետեւաբար, այդ արդարացումները համոզիչ չեն, քանի որ գիտակցելով է դրան գնացել: Հետեւաբար, ավելի ճիշտ կլիներ նվազ ապահով խավի աշխատավարձերը կտրուկ բարձրացնելը:
«Հարյուր տոկոս կիսում եմ ձեր այն դիտարկումը, որ եթե մարդը տվել է համաձայնությունը, ուրեմն տեղյակ է եղել ու ստորագրությունը դրել է պայմանագրի տակ: Եթե համարում ենք, որ արդար չի այդ մոտեցումը, երկու խնդիր ունենք. Չենք գնում այդ աշխատանքին՝ մնալով մեր նախկին տեղում, կամ գնում ենք՝ ինչ-որ տեղ նաեւ որպես կամիկաձե: Բայց աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարում առաջարկվում է արժանապատիվ աշխատավարձ սահմանելը: Նոր Զելանդիայում մի մոտեցում կա: Շատ ժամանակ նախարարների հետ իքս ժամանակով, ասենք՝ հինգ տարով պայմանագիր է կնքվում: Եվ եթե քո պարտավորությունների ժամկետի ընթացքում դու կաշառք չես վերցնում, անում ես անհրաժեշտ ու ճիշտ ամեն բան, պարտականությունդ ամբողջապես կատարելուց հետո պետությունը ասենք, $ 5 մլն միանվագ գումար է փոխանցում քո հաշվեհամարին: Գուցե, մեր մոտ է՞լ է պետք այդ սկզբունքի մասին մտածել: Երբ գա այն օրը, որ դուք ձեր կառավարությունով կգնաք, մենք ազգի կողմից ձեզ շնորհակալություն կհայտնենք ու դա գիտակցված կլինի, որ կառավարության անդամն այդ տեսակի պարգեւավճար ստանա», – պատասխանեց Թեւան Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ