Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ նախարարների աշխատավարձն իջել է, որոշներինը՝ բարձրացել. Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու է դա գաղտնի արել՝ նախկինների իներցիայով

Հոկտեմբեր 23,2019 18:07

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց նրա այն որոշման մասին, որի համաձայն նախարարների, փոխնախարարների աշխատավարձը գաղտնի հանձնարարականով բարձրացվել էր՝ պարգեւավճարների տեսքով: Ըստ մամուլի խոսնակի հրապարակման, վարչապետը որոշում էր կայացրել, որ նախարարները պետք ստանան աշխատավարձ+պարգեւավճար 1,5 մլն դրամ, փոխնախարարները՝ 1 մլն դրամ, մարզպետները՝ 900 հազար դրամ:

Մարուքյանն ասաց, որ գիտեն, նախկինում ծրարներով աշխատավարձ են ստացել նախարարները, կոռումպացված են եղել, բայց, ըստ էության, վարչապետը, նրա խոսքով՝ շրջանցել է պետական պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան անձանց վարձատրության մասին օրենքը ու բարձրացրել երեք սուբյեկտների աշխատավարձերը. «Առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնել, ես այստեղ եմ խնդիր տեսնում ու դրա գաղտնիության մեջ եմ խնդիր տեսնում: Կխնդրեի պարզաբանել՝ ինչո՞ւ օրենքը չի բերվել խորհրդարան ու սանդղակը չի վերանայվել: Մենք դեմ չենք պարգեւավճար տալու, գիտենք, որ 30 տոկոսի չափով բոլոր պետական հիմնարկներում ստանում են, այդ թվում՝ ԱԺ-ն»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նախ, էդ որոշման արդյունքում ոչ բոլոր ձեր նշած սուբյեկտների աշխատավարձն է բարձրացվել, ոմանցն իջել է եւ հենց այս որոշման անկյունաքարային նշանակությունն այդտեղ է»:

Վարչապետն ասաց, որ այդ որոշման եկել է անցյալ տարի, այսպես կոչված, պարգեւատրումային սկանդալի արդյունքում. «Այդ որոշման արդյունքում ոմանցն իջել է, ոմանցը՝ բարձրացվել: Իմիջիայլոց, այն սանդղակը, որը դուք ասում եք խախտվել է, այդ օրենքը վաղուց չի գործում ըստ էության: Այդ սանդղակը վաղուց է խախտվել: Մենք այդ պրոցեսը տարել ենք հրապարակային: 2019-ի բյուջեի քննարկման արդյունքում ես այս ամբիոնից լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ եթե նախկինում պարգեւատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար ենք սահմանում պարգեւատրումների ֆոնդ: Բյուջետային քննարկումների ժամանակ դուք իմացել եք դրա մասին ու դուք քվեարկել եք դրա օգտին: Ես այս ամբիոնից պարգեւատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել եմ էդ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, նաեւ հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության եւ այլ մարմիններում պարգեւավճարներով մենք աշխատավարձերը փաստացի բարձրացրել ենք: Որ ասում եք՝ առանց օրենքի բարձրացրել ենք՝ ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այդ պարգեւավճարների ֆոնդերը նախատեսված են եղել: Էդ գումարները չեն ավելացել, մենք որեւէ ուրիշ տեղից փող չենք կտրել, իրենց աշխատավարձը բարձրացրել ենք, դա հենց նախատեսված է եղել այն հոդվածից, որը դուք ընդունել եք»:

Նա ասաց, որ երբ պաշտոնյան ինքն իրեն էր պարգեւատրում, այդ անհարմար վիճակը հանել են:

Մարուքյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ, բայց համաձայն չեմ նրա հետ, որ այդ գումարը, որը սահմանվել է, 30 տոկոսից բարձր է, կրկնապատկվել է աշխատավարձերը երեք դեպում էլ: Մենք բոլորս, երբ հաստատել ենք ֆոնդը, մտածել ենք, որ խոսքը գնում է 30 տոկոսի մասին: Մյուս խնդիրը՝ ինչո՞ւ է դա գաղտնի գրիֆով գնացել»:

Վարչապետը պատասխանեց, որ խոսել նախարարի վճարման գաղտնիության մասին տեղին չէ, որովհետեւ նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր ու հնարավոր չէ գաղտնի բարձրացնել նախարարի աշխատավարձը. «Ցանկացած մարդ, ով ունի հաշվիչ, կարող է հայտարարագրի թիվը բաժանել 12-ի ու ստանալ, թե ինչ աշխատավարձ է նախարարը ստացել: Գաղտնիությունը գիտեք, դա ներքին աշխատակարգային ընթացակարգային հարցեր են եղել, որովհետեւ մեկինը իջել է, մյուսինը՝ բարձրացել: Ի վերջո, նախարարությունների միացում է գնացել: Նախարարներ կան, որ երեք նախարարների աշխատանք են անում, որովհետեւ միացել է մեկի մեջ եւ գաղտնիության մասին խոսելը, եթե ֆորմալ գաղտնի գրիֆով է գնացել հանձնարարականը, դա չի նշանակում, որ հանրությունից գաղտնի անելու նպատակով է եղել»:

Նա ասաց, որ խոսքը ոչ թե 30 տոկոսով աշխատավարձի բարձրացման մասին է, այլ՝ աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով պարգեւատրումների ֆոնդի մասին: Կառավարությունը կարող է 30 տոկոսը իր հայեցողությամբ տալ»:

Վարչապետը վստահեցրեց, որ նախկինում քանի որ նման հանձնարարականները գաղտնի են արվել, քանի որ անհատական տվյալներ կան, իներցիայով հենց այդպես էլ գնացել է իր հանձնարարականը. «Ուրիշ ոչ մի բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031