Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում հանրային սննդի օբյեկտները, որոնց շրջանառությունը կլինի մինչեւ 24 մլն, նույնպես կազատվեն հարկերից

Հոկտեմբեր 23,2019 17:44

ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ներկայացրեց իրենց խմբակցության նախագիծը՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Հայտնի է, որ 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրությունը, որը մինչեւ 24 մլն դրամի շրջանառություն կունենա, ազատվում է հարկերից: Կան սահմանափակումներ, թե որոնք են այն օբյեկտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Օրինակ, բացառություն էին հանրային սննդի օբյեկտները: Հիմա առաջարկվում է, որ բացառությունների ցանկից որոշները հանվեն:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երեւանից դուրս՝ մարզերում գործող հանրային սննդի օբյեկտներին, որոնք 24 մլն-ից պակաս շրջանառություն ունեն: Նրանք նույն պես կազատվեն եկամտահարկից, շրջանառության հարկից: Մանե Թանդիլյանն ասաց, որ մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտների սա կարող է վերաբերել:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորեց նախագիծը՝ ասելով, որ սրանով տուրիզմին կարող են խթանել մարզերում:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարցրեց՝ հանրային սննդի դեպքում ՀԴՄ կանոնները խախտելը մոտ 4 անգամ ավելի տուգանք է առաջացնում, քան ԱԳԼՃԿ-ներում համանման խախտման դեպքում է, դուք որեւէ կարգավորում չեք բերում, եթե մենք ներկայացնենք, կո՞ղմ կլինեք, թե՞ դեմ: Փոխնախարարը պատասխանեց, որ պետք է քննարկեն, թե ինչու է այդքան տարբերակված մոտեցում, որովհետեւ ծանրակշիռ պայմաններ պետք է լինեն: Նա ասաց, որ տուգանքները պետք է միասնականացվեն ու դեպի վեր բարձրանան, այսինքն, ավելանան: Այդտեղ Արտակ Մանուկյանը չհամաձայնեց՝ ասելով, որ տուգանքների չափը պետք է նվազեցվի աստիճանաբար:

«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը գովեց Մանե Թանդիլյանի նախագիծը, ասելով՝ «Լավին՝ լավ, վատին՝ վատ: Շատ լավ նախագիծ է»: Նա ասաց, որ «մարզերում, երբ մարդը թոնիրում լավաշ է թխում, տնական պանրով մատուցում է տուրիստներին, կամ սուջուխ է վաճառում, կամ ինչ-որ պահածո, սա հոյակապ հնարավորություն կտա, որ այդ բիզնեսը կայացնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031