Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց Հայ գրականություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաներն այլեւս բուհ-ի ծրագրից հանելու որոշումից. «Ձեր որոշումը հանրային քննարկման ինչպիսի՞ հարթակներն են ընդգրկում, գիտնականների, պատմության մասնագետների կարծիքները հաշվառե՞լ եք, դա պարտադի՞ր բնույթ ունի»:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նախ, ծրագրերից չեն հանվում, այլ դրա պարտադիր բնույթի մասին է խոսքը գնում: Մեր տրամաբանությամբ, ընդհանուր տրամաբանությամբ, մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիքներ ստանում են ե՛ւ հայերենից, ե՛ւ հայ գրականությունից, ե՛ւ պատմությունից եւ ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը այլեւս ոչ միայն ազդում է տվյալ մասնագետի որակների վրա, որովհետեւ կարող է տվյալ մասնագիտությունից նոր գիտելիք ձեռք բերել, այլեւ ազդում է մասնագիտական որակի վրա: Համոզմունք այն է, որ մենք հանրակրթության ոլորտում փոփոխությունների արդյունքում հանգեցնելու ենք մի իրավիճակի,որ մեր աշակերտը, որը բուհ է գալու, ստանալու է բավարար գիտելիք պատմությունից, գրականությունից, հայերենից, եւ ավելի շատ ուշադրություն է դարձնելու մասնագիտության վրա: Վստահ եմ, լինելու են շատ բուհեր, որ կներառեն այս առարկաները ծրագրերում, բայց դրանք պարտադիր չեն լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ