Հոկտեմբերի 17-20-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Պատգամավորները, ի թիվս այլ մշակութային հանդիպումների, այցելել են նաեւ Դոնի Ռոստովի Սուրբ խաչ հայկական եկեղեցի, որի նորոգման խնդրով պայմանավորված՝ պատրաստվում են նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
«Եկեղեցին համարվում է Ռոստովի մարզի արժեքավոր հուշարձաններից մեկը, որը կառուցվել է 18-րդ դարում եւ հայկական համայնքի կարեւոր մշակութային օջախներից է: Եկեղեցու բակում են հուղարկավորված Ռաֆայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը: Տխուր վիճակում է վանական համալիրը: Հանդիպումներ կունենանք Մայր Աթոռում՝ ներկայացնելու համար եկեղեցու վիճակը: Օր առաջ պետք է քայլեր ձեռնարկել՝ ՌԴ հայկական հնագույն համայնքում պահպանելու մեր կարեւոր հոգեւոր կենտրոնը»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2442582325826138/
Նրա գնահատմամբ՝ եկեղեցու եւ տարածքի բարեկարգման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, թեեւ որոշ հատվածներ նախկինում բարեկարգվել են. «Ռոստովի մարզի հայ համայնքի ղեկավարը մեզ տեղեկացրեց՝ ժամանակին ՌԴ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ներդրումներ պետք է արվեին, բայց ինչ-որ խնդիրների պատճառով դա տեղի չի ունեցել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Մկրտչյանը