Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն. Սահմանադրական դատարանում նստած են հենց Քոչարյանի համախոհները

Հոկտեմբեր 23,2019 15:51

«Հայաստանն այժմ ժողովրդավարության ամրապնդման կարիք ունի, որպեսզի լիբերալ ժողովրդավարության արժեքները չնահանջեն»: Այս մասին ԱՄՆ կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած լսումներում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կարևոր է, բայց ոչ բավարար:

Իոաննիսյանը նշել է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները շարունակում են իրենց ձեռքում պահել կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ահռելի ֆինանսական միջոցներ և չափազանց արդյունավետ են գործում հատկապես կիբեր և ինֆորմացիոն դաշտում: Հետևաբար, նա կարևորել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցումն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Մյուս կողմից, նրա խոսքով՝ կարևոր է զարգացնել իրավապահ ու դատական համակարգի կարողությունները, որի արդյունքում առավել ամբողջական կդառնա ժողովրդավարական անցումը:

Իոաննիսյանը նաև խոսել է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը թուլացնելու կարևորության մասին: «Ռուսաստանից անկախությունը կարող է աճել, եթե Հայաստանում զարգանան բնական գազի վրա չհիմնված էլեկտրաէներգիայի արտադրությունը և ենթակառուցվածքները: Դա կօգնի նվազեցնել ռուսական գազի ազդեցությունը, ինչպես նաև Ռուսաստանից մասնակիորեն հետ բերել հայ աշխատանքային միգրանտներին, որոնք ևս Կրեմլի համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ են»,- ասել է նա:

Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցն իր ելույթում կարևորել է նաև «Գերմանական Մարշալ հիմնադրամի» առաջատար գիտաշխատող Ջոնաթան Դ․ Կացը՝ նշելով, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը պետք է ներառի այդ անկախության ամրապնդմանն ուղղված ռազմավարություն՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության և էներգետիկ առումներով: Կացը նաև նշել է, որ 1991 թ․-ից հետո սա Հայաստանում առաջին կառավարությունն է, որը ստանձնել է «ամենամեծ հանձնառությունը և ամենամեծ հնարավորությունը»՝ իրականացնելու իրական ժողովրդավարական բարեփոխումներ:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը, ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարական անցման դժվար ու երկարատև ճանապարհը, նաև անդրադարձել է իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի պայքարն աշխարհաքաղաքական ուղղվածություն չունի, սա ժողովրդի պայքարն է՝ վերականգնելու իր ինքնիշխանությունը, իր հայրենիքը դարձնելու մի վայր, որտեղ կհարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները:

«Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանն իր ելույթում նշել է, որ 2018 թ. Հայաստանի ժողովրդավարական անցումը չնայած ներքին գործընթաց էր, բայց և չէր կարող լինել առանց այն օգնության, որ տարիներ շարունակ ստացել են հայկական մեդիան և քաղհասարակությունը՝ այդ թվում ԱՄՆ-ից: Նա նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պայքար են սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև բարեփոխումներ են սկսել դատական և մի շարք այլ ոլորտներում: Ու թեև ԱՄՆ-ն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել աջակցելու Հայաստանի կառավարությանն այդ ոլորտներում, բայց շատ ավելի լավ կլիներ, որ այդ հետաքրքրությունը վերածվեր կոնկրետ գործողությունների: Որպես այդպիսի օգնություն, նրա խոսքով, կարող է դիտվել լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը Հայաստանին, ինչպես որ դա արվել է Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Խառատյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի նաև անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով ԼՂ-ի չկարգավորված հակամարտությունը:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյն իր խոսքում կարևորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված գործընթացը՝ ընդգծելով, որ սա եզակի դեպք է նախկին ԽՍՀՄ տարածքում, երբ մեղադրանք է առաջադրվում նախկին նախագահի նկատմամբ: Այս համատեքստում նա նաև կարևորել է Հայաստանում դատական հակամարգում փոփոխությունների անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանում նստած են հենց Քոչարյանի համախոհները: «Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ արդյո՞ք ավտորիտար սահմանադրությունը, ավտորիտար դատական համակարգը և ավտորիտար սահմանադրական դատարանը կարող են արդարադատություն իրականացնել այսպիսի կարևորագույն գործում»,- ասել է նա:

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովը հրավիրել էր լսումներ՝ «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով: Հանդիպումը նպատակ ուներ գնահատել մինչ այժմ Հայաստանի կառավարության գրանցած ձեռքբերումները, հատկորոշել բարեփոխման ենթակա առաջնահերթ ոլորտները և ընդգծել բարեփոխումների գործընթացներին ԱՄՆ աջակցության հնարավորությունները: Միջոցառմանը, որպես «վկաներ», ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Գերմանական Մարշալ հիմնադրամի» առաջատար գիտաշխատող Ջոնաթան Դ․ Կացը, «Ալիք մեդիայի» հիմնադիր ու գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը:

 «Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031