Նարեկ Մութաֆյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15.50: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մութաֆյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի կալանքի առնչությամբ նրանց պաշտպանները բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան:
Երիտասարդները, հիշեցնենք, կալանավորվել են այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երիտասարդները հարցեր էին ուղղում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին: Ավելի վաղ տեսանյութեր էին տարածվել, որտեղ այդ երիտասարդները նմանակում էին Նիկոլ Փաշինյանին`փողոցում զրուցելով անցորդների հետ:
Այսօր կայացած նիստի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրել է իր առարկությունները: Շեշտը դրվել է երկակի չափանիշների վրա` նկատելով, որ այն արարքի համար, ինչի համար կալանավորվել են Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, պետք է կալանավորվեն նաեւ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում գործած երիտասարդները:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Դատարանի շենքի մոտ, ի աջակցություն կալանավորված երիտասարդների, հավաքվել են նրանց համակիրները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ