Նվիրական «Վալերի Գերգիւ» անունը հայ իրական ունկնդրի համար ուրիշ արժեք ունի: Մենք, որ ուսանողական մեր տարիներին սովոր էինք Մեծ դահլիճում ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր երիտասարդ Գերգիևին տեսնել անընդհատ, ամեն անգամ հայ ժամանակակից կոմպոզիտորների, երբեմն մի համերգի մեջ ՝ մի քանի պրեմիերա կատարելիս, չէինք պատկերացնում, որ տաղանդավոր ու նպատակասլաց այս դիրիժորը կարճ ժամանակ անց, Հայաստանից հեռանալուց հետո պիտի դառնա աշխարհի ամենապահանջված, ամենադինամիկ գրաֆիկով, ամենաանհատական ու ամենաստեղծագործ դիրիժորը: Թեև իմ սիրելի ուսուցիչը՝ Ղազարոս Սարյանը դա կանխատեսում էր: Ցավում եմ, իհարկե, որ երկար սպասված այս վերադարձին ներկա էին քաղաքի փայլուն երաժիշտներից ու իրական երաժշտասերներից հաշված թվով մարդիկ: Այլապես, հանդիսատեսի արձագանքը կլիներ անհավանական տաք: Այնուամենայնիվ, սա ֆանտաստիկ երևույթ էր մեր մշակութային կյանքում, որի մասին, կարծես, չխոսվեց անհրաժեշտ աղմուկով:
Իրականում, անհավանական էր լսել Մաեստրոյի անմիջական խոսքը մարդասիրական «Ավրորա» ձեռնարկի, իր կյանքում հայ մարդկանց խաղացած դերի, Հայաստանի հոգեհարազատության մասին, լսել, թե ինչպես է նա նվագախմբի գույներով կենդանացնում Ղազարոս Սարյանի Պաննոն, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայի թաքնված երանգները, Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը կատարելիս՝ երկխոսում տաղանդաշատ Հայկ Մելիքյանի հետ ու ստեղծում նոր իմաստներ, վայելել, թե ինչպես է գեղանկարիչ դիրիժորը վերստին «նկարում» ու «ծեփում» Մուսորգսկու կերպարները:
Երջանկություն ունեցա նաև հետևել Գերգիևի աշխատանքին, երբ օդանավակայանից անմիջապես դահլիճ ժամանած դիրիժորը նվագախմբի հետ անում էր համերգին նախորդող միակ փորձը: Պրոֆեսիոնալների համար սա Վարպետության սանդղակ չունեցող դաս էր, որ կարող էին մեր գործող դիրիժորները ևս դիտել, հպարտանալ, որ դիրիժորական արվեստի հսկան՝ բեմի ետնամասում ծվարած, վայելում ու հետևում էր Հայկ Մելիքյանի արարած Շուշիկիի ու դելալյանական Նվիրման վարպետությանն ու երաժշտականությանը: Եվ կամ բեմում կանգնած լուռ ու հուզական լսում «Կռունկի» կատարման մանկական թրթիռը, հիանալ Գերգիևի վաղեմի բարեկամ, մեծ Հայ Ռուբեն Վարդանյանի համեստությամբ ու մանկական անմիջականությամբ, կյանքի իրական արժեքները գնահատելու նրա անհավանական տաղանդով:
Երազում եմ, ավելի ճիշտ, ուզում եմ, որ դադարենք կարևորել նեղ, տեղական, մանր ու նեղանձնյա, ժամանակավոր ու էժան հարաբերությունները: Տարածք ու կյանք տանք մեր ժողովրդին հատուկ տաղանդավոր ու համամարդկային երևույթներին: Մեր հայրենակիցներին և այլազգի բարեկամներին գնահատենք այսօր՝ անմիջապես, մինչ նրանց կփառաբանի աշխարհը: Մեր ներուժն ու խելքը հաստատ ի վիճակի է դա զգալ:
Կարդացեք նաև
Նաիրա ԴԻՎԱՆՅԱՆ
կոմպոզիտոր, երաժշտական մեկնաբան
Հպարտ եմ, որ միակ հայաստանցի կոմպոզիտորն եմ, որ արժանացել եմ Վ. Գերգիևի ղեկավարած հռչակավոր Մարինյան թատրոնի բարձր գնահատականին՝ 2016թ. իմ հեղինակած ալտի թիվ 2 կոնցերտը, համարելով սովետական շրջանի լավագույն գործերից մեկը, կատարվեց թատրոնի նվագախմբի և մենակատարների կողմից … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան