Լրահոս
Օրվա լրահոսը

«Սենց ձգձգելով՝ կռիշը, սփռիչը, հավաքիչը ինչի՞ եք տանում. կռիշն է փտած, ոչ թե կրիչը». Պավլիկ Մանուկյան

Հոկտեմբեր 23,2019 14:25

«Դատարանը միտում ունի Արմեն Բիլյանին պահելու նախնական կալանքի տակ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր՝ Մեսրոպ Մակյան) հոկտեմբերի 23-ին անցկացվող «Սասնա ծռերի» անդամների գործով հերթական դատական նիստին հայտարարեց Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Ամբաստանյալները վրդովվեցին այն բանից հետո, երբ Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ գրություն են ստացել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանից, որով տեղեկացնում է, որ Արմեն Բիլյանի հանրային պաշտպան Անի Գրիգորյանն օգտվելու է իր ամենամյա արձակուրդից և խնդրում է 01.11.2019-ից հետո նշանակել դատական նիստը՝ հանրային պաշտպանի պատշաճ մասնակցություն ապահովելու համար, քանի որ ավելի անարդյունավետ կլինի, եթե մեկ այլ հանրային պաշտպանի մակագրվի գործը:

Մյուս խնդիրն այն էր, որ նիստին չէին ներկայացել պաշտպաններ Մուշեղ Շուշանյան ու Տիգրան Եգորյանը, թեև Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Տիգրան Եգորյանի հետ կապ է հաստատել. նա պատրաստվում է ներկայանալ: Նախագահող դատավորն ասաց, որ պաշտպաններին տրամադրվել է կրիչը նյութերին ծանոթանալու համար:

Նիստը հետաձգելու առիթով «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը վրդովվեց. «Իմ կարծիքը անցյալ դատավարությունից հետո մեկ անգամ ևս հաստատվեց, որ դուք արժանի դատավոր եք: Եթե սենց մի հատ էլ դատավարություն անեք անցյալի պես, համոզված եմ, որ Ձեզ հետ արդեն Դուք-ով կխոսեմ»:

Մեսրոպ Մակյանը խնդրեց իր անձի հետ կապված հայտարարություններ չանել: Պավլիկ Մանուկյանը շարունակեց. «Սենց ձգձգելով՝ կռիշը, սփռիչը, հավաքիչը. ամբողջ ազգն է տեսնում՝ կռիշն է փտած, ոչ թե կրիչը: Սենց ձգձգելով ինչի՞ ենք տանում. մարդուն անհարկի տեղը կալանքի տակ ենք պահում»: Դատավորն ասաց, որ Պավլիկ Մանուկյանի հարցերին պատասխանելու պարտավորություն չունի:

Արմեն Բիլյանն էլ իր հերթին վրդովվեց, թե երեք տարի, երեք ամիս դատավարություն է գնում. «Որ պահին պետք է եղել հանրային պաշտպան փոխել, բերել են՝ անկախ գործերին ծանոթ է, թե ոչ, պարտադրել եք, որ հանրային պաշտպան լինի: Հիմա ռազմամարտավարական հնարքներով միտումնավոր դատերը հետաձգում եք: Այ, դե միտումը Դուք էլ գիտեք՝ ում կողմից. թեկուզ հանրային պաշտպանների կողմից»:

Մեսրոպ Մակյանն արձագանքեց՝ ինչի՞ց եք դժգոհ, եթե չլինեին հանրային պաշտպաններ, այս գործը չորս-հինգ տարի էլ դեռ կքննարկեինք:

Արմեն Բիլյանը մեղադրեց նախագահող դատավորին, որ հետամուտ չի լինում՝ դատավարությունը շարունակվի, ու դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Մարդիկ, որ ասում են, թե ռեժիմն է գրել կեղծիքը, հիմա հարցս Փաշինյան Նիկոլին եմ ուղղում, ռեժիմը կեղծի՞ք է գրել»:

Նախագահող դատավորն ընդհատեց հայտարարությունը:

Արմեն Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարեց՝ խախտվում են իր պաշտպանյալ Արմեն Բիլյանի իրավունքները և վստահեցրեց՝ ՄԻԵԴ-ն այս գործով իր որոշումը կհայտնի, բայց այս տարիները գնում են Արմեն Բիլյանի կյանքից. «Արմեն Բիլյանի՝  նախնական կալանքի տակ գտնվելու որևէ հիմք գոյություն չունի: Դատարանը միտում ունի Արմեն Բիլյանին պահել նախնական կալանքի տակ: Նրա վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի, բայց չէ՞ որ Արմենի կյանքից են գնում այդ օրերը: Կարող է դատավարությունը շարունակվի երեք տարի էլ, Արմեն Բիլյանը շարունակելո՞ւ է մնալ կալանքի տակ»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց նոյեմբերի 6-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031