Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին հանդիպել են Սոչիում, բանակցությունները տևել են ավելի քան 6 ժամ: Երկրի ղեկավարները հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն Սիրիայի և Թուրքիայի սահմանին՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պարոն Էրդողանը մանրամասն բացատրել է, թե ինչ նպատակ է հետապնդում Սիրիայի սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողությունը: Մենք մի քանի անգամ նշել ենք, որ ըմբռնումով ենք մոտենում Թուրքիայի քայլեր ձեռնարկելու ձգտմանը՝ ուղղված ազգային անվտանգության երաշխավորմանը»,-հայտարարել է Պուտինը բանակցություններից հետո:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը կարևորել է, որպեսզի Սիրիայի տարածքում գործող թուրքական զինված ուժերի գործողություններից չօգտվեն Իսլամական պետության գրոհայինները, որոնք գերի են քրդերի մոտ: «Սիրիան պետք է ազատվի արտասահմանյան ռազմական անօրինական ներկայությունից: Մեր կարծիքով Սիրիայում ամուր և երկարաժամկետ կայունացման հնարավոր է հասնել միայն երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ, և մենք հանգամանալից խոսել ենք այդ մասին Թուրքիայի նախագահի հետ»,-նշել է Պուտինը:
«Ճակատագրական» որոշում
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կողմերին հաջողվել է Սիրիայի հարցով հասնել «ճակատագրական» որոշման: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման համատեղ հուշագիր, որը բաղկացած է 10 կետից:
Հուշագրի համաձայն՝ քրդերը կստանան հավելյալ 150 ժամ, որպեսզի կարողանան հեռանալ Սիրիայի հյուսիսային շրջաններից, որից հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կիրականացնեն Սիրիային սահմանին՝ թուրքական ռազմական գործողությունից 10 կիլոմետր արևելք և արևմուտք: Ինչ վերաբերում է այն շրջանի ստատուս քվոյին, որտեղ ներկայում Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում 32 կիլոմետր երկարությամբ, ապա այն կպահպանվի Թել Աբիադ բնակավայրի և Ռաս Ալ-Այն քաղաքի միջև: Քրդական բոլոր ուժերը դուրս են բերվելու Մանբիջից և Թել Ռիֆաթից:
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն էլ իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում չի քննարկվել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրք զինվորականների գտնվելու ժամկետների հարցը: Նրա խոսքով՝ Պուտինը և Էրդողանը բանակցությունների ընթացքում քննարկել են քրդական հարցի լուծման մի շարք տարբերակներ և որոշել են առայժմ կանգ առնել սահմանային գոտում վերահսկողություն սահմանելու վրա:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները փաստացիորեն ապահովում են Սիրիայում Թուրքիայի օպերացիայի դադարեցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ