Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր հանցագործություն կատարած ու արտաքսված օտարերկրացիները կարող են մոռանալ Հայաստանի տեղը առնվազն 8 տարի. Կառավարության օրենքը

Հոկտեմբեր 23,2019 13:58

Այսօր ԱԺ նիստում կառավարությունը «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկվեց, որով առաջարկվում է օտարերկրացիների՝ մեր երկրից արտաքսման հիմքեր նախատեսել: Այն օտարերկրացիներին, որոնք չունեն օրինական հիմք մեր երկրում գտնվելու, ըստ օրենքի, պետք է արտաքսել: Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է նաեւ լրացնել՝ եթե օտարերկրացին քրեական հանցագործություն կատարելու համար դատապարտվի ազատազրկման, պատիժը կրելու ընթացքում նրան արտաքսեն, ուղարկեն իր ծագման երկիր: Արտաքսված օտարերկրացին կարող է նորից վերադառնալ Հայաստան 3 տարի անց, եթե կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն: Եթե կատարել է ծանր հանցագործություն, կարող է վերադառնալ Հայաստան 5 տարի անց, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարած օտարերկրացին կարող է մոռանալ Հայաստանի տեղը առնվազն 8 տարի:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ՌԴ-ի հետ կապված նույն կարգավորումնե՞րն են գործում, կամ ԵԱՏՄ անդամ երկրների դեպքում, որովհետեւ կան դեպքեր, երբ մենք ենք ավելի շատ շահագրգռված, որովհետեւ մեր քաղաքացիները ՌԴ-ում շատ են: Փոխնախարարը պատասխանեց, որ ՌԴ-ի դեպքում համանման օրենք կա ու համահարթ մոտեցում է որդեգրվել նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների դեպքում:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ զարմացած էր՝ եթե օտարերկրացին, օրինակ, գողություն է կատարել, մեզ վնաս է տվել, ինչո՞ւ նրան անմիջապես չենք արտաքսում իր երկիր, այլ տանում ենք քրեակատարողական, հարկատուների հաշվին մի հինգ տարի էլ պահում, կերակրում, նոր արտաքսում:

Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Այդպես է, որովհետեւ յուրաքանչյուր պետություն պարտավոր է կատարել իր դատարանի որոշումը, որեւէ ձեւով հետքայլ չենք կարող անել: Գործնականում թե ինչու չեն հանձնում՝ շատ դեպքերում ծագման երկրները իրենք էլ հետաքրքրված չեն նման դատապարտյալին տանելու իրենց երկիր եւ այստեղ միջազգային կոնվենցիաներով կամ երկկողմանի համաձայնագրերով է հարցը կարգավորված: Որեւէ ձեւով մենք չենք կարող ֆինանսական պարտավորությունները հավասարակշռել մեր դատարանի վճիռը կատարելու իմպերատիվով: 144 օտարերկրացի այս պահի դրությամբ պահվում է մեր քրեակատարողական հիմնարկներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031