Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյանը` դրամաշնորհների խիստ պայմանների, մարմինը թատրոն վերադարձնելու եւ արդյունքը բազմապատկելու մասին

Հոկտեմբեր 23,2019 13:36

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը այսօր կայացած ասուլիսում խոսեց մի քանի կարեւոր նախագծերի մասին: Նա անդրադարձավ դրամաշնորհներին եւ հնչեցրեց այն հարցը, թե ինչ անել, որ պետությունը կարողանա դրամաշնորհների մրցութային պայմաններում իրականացնել իր քաղաքականությունը, մանավանդ բազմաթիվ խնդիրներ են ծառացած նրա առաջ: Փոխնախարարը նշեց, որ որոշել են այնպիսի պայմաններ սահմանել դրամաշնորհների պարագայում, որոնք գուցե սկզբում բարդ թվան, սակայն հնարավորություն եւ ճանապարհ կբացեն պրոֆեսիոնալ հանրության համար:

«Նախկինում գործող համակարգի դրամաշնորհային պայմանների արդյունքում մեզ են դիմում պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկար ունեցող նախագծեր, որոնց ազդեցությունը ոլորտի, հանրային կյանքի բարեկարգման եւ այլ առումներով տեւական չէ… Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը ստանձնել էր իր ուժերից վեր սոցիալական բեռ, պատասխանատվություն, արդյունքում աջակցում էր բոլորին եւ ստացվում էր, որ չէր կարողանում իսկապես արժեք ներկայացնող ստեղծագործությունները հանրայնացնել ու դուրս բերել միջազգային շուկա»,-փաստեց Արա Խզմալյանը:

Մանրամասն` տեսանյութում

Փոխնախարարը նշեց, որ թեեւ պետական միջոցները մեծ չեն, սակայն դրանք հնարավոր է բազմապատկել արդյունքի տեսքով: Հույս հայտնեց, որ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին իրենց կդիմեն կազմակերպչական փորձառություն ունեցող կազմակերպությունները, մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ ասել է փառատոն:

Նա մեկ այլ նախագծից խոսեց, որը կոչվում է «Դասարան+դասական»: Տեղեկացրեց, որ այդ նախագծի շրջանակում մրցութային կարգով շարադրությունների հիման վրա ավագ դպրոցներից կընտրվեն աշակերտներ, որոնք 5 օր շարունակ կանցկացնեն Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, կշփվեն ոլորտի այնպիսի մասնագետների հետ, որոնց թվում են` Հենրիկ Հովհաննիսյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Էլբակյանը, Նելլի Խերանյանը: Երեխաները կշրջեն կուլիսներում, կլինեն գրիմանոցներում եւ ցանկացած անկյունում, որը կապ ունի թատրոնի հետ:

Մանրամասն` տեսանյութում

Նա անդրադարձավ նաեւ օրերս Աղվերանում կայացած «Արժեք եւ գին» խորագրով երկօրյա աշխատաժողովին, որի ընթացքում բարձրացվել են մշակութային ՊՈԱԿ-ներին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոշներին լուծումներ են տրվել:

Փոխնախարարը խոսեց լավ մշակված մարմնի, թատրոնում էսթետիկ շարժման, հղկված ֆիզիկական ներկայության մասին: «Եթե ավելի պատկերավոր ասեմ` մենք խնդիր ունենք մարմինը թատրոն վերադարձնելու, որովհետեւ եթե չկա դերասանի էսթետիկական ներկայություն, խոսել արվեստի մասին ավելորդ է»,-շեշտեց նա:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031