«Նաիրի Հունանյանը քսան տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր հանդեպ նախաքննությունը մեղմ ընթանար, եթե ինքը գործակցեր նախաքննական մարմնի հետ՝ հնարավորություն տալով ՀՀ-ին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները սկզբում, իմ տպավորությամբ, պատրաստ էին հոգեբանորեն գործակցելու նախաքննական մարմնի հետ, բայց առաջացան խոչընդոտներ եւ վախեր՝ հնարավոր բացահայտումների առումով»,-ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով. «Եղան ժամանակ տարբեր շրջանակներ՝ քաղաքական եւ ոչ քաղաքական, որոնք իրենց վախերից ելնելով՝ ամեն ինչ անում էին, որ Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը կամ տեղի չունենա, կամ ունենա իրենց ուզած ձեւաչափով: Նման վախ ուներ նաեւ այդ ժամանակվա իշխանությունը ներկայացնող թիվ 1 իշխանավոր Ռոբերտ Քոչարյանը՝ իր թիմով: Այդ թիմից կասկածյալներ կային, Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի տակ: Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի բացահայտումը տեղի չունենա: Ավելին՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի կողմից ձեւավորված իշխանությունը շատ կարճ կյանք ունեցավ, որովհետեւ վարչապետ դարձավ Արամ Սարգսյանը, որի կառավարությունը չունեցավ հնարավորություն՝ լիարժեք հասնելու բացահայտմանն այդ կարճ ժամանակահատվածում»:
Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ՝ Նաիրի Հունանյանը կարող է իրավական ընթացակարգով դիմել վաղաժամկետ ազատման համար, բայց նա քսան տարի ուշացել է. «Հիմա նա, եթե ունի ցանկություն եւ տեղեկություն, որը էապես հնարավորություն կտա ՀՀ-ին վերջապես իմանալու, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ…վերջապես քսան տարի հետո սա հնարավորություն է, որպեսզի նա նախ ասելիքն ասի: Նա ընդամենն ազատության մեջ հայտնվելու ցանկություն է հայտնել, բայց նման հրեշավոր հանցագործություն կատարածը քսան տարի մեզ զրկել է երկրի զարգացման հեռանկարից՝ այլ ուժերի հնարավորություն տալով երկիրը մտցնել կոռուպցիոն համակարգի մեջ, եւ քսան տարի հետո միայն հնարավորություն եղավ դրանից ազատվելու…»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ