«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքաղաքական իրավիճակի եւ Արցախյան բանակցային գործընթացի հնարավոր զարգացումների մասին՝ ասաց. «Երբ կատարվում էին փոփոխությունները, ես մի քանի անգամ շեշտադրում էի անում՝ ասելով, որ կցանկանամ, որպեսզի մեր նոր իշխող ուժը եւ կառավարությունը միշտ հիմնվեն այն խոստումների վրա, որ լինելու են թափանցիկ եւ հաշվետու: Ու ավելացնում էի ամենագլխավորը. իմ պատկերացմամբ, ինչը նախկինում էր շատ պակասում, նաեւ բոլոր հիմնավորումները թափանցիկ ներկայացնելն է, թե ինչի է այս կամ այն որոշումը կայացվում:
Իմ կարծիքով, սա, թերեւս, ամենագլխավոր բացն է, որ գոյություն ունի: Շատ ժամանակ տեղի է ունենում գործողություն, գալիս են ինչ-որ ռեակցիաներ, եւ դրանից հետո փորձում են ինչ-որ հիմնավորումներ ապահովել: Մինչդեռ, ցանկացած կառավարություն ոչ միայն պետք է լինի ի սկզբանե թափանցիկ, այլեւ ունակ լինի ռազմավարական հաղորդակցման գործիքակազմով հիմնավորել իր մոտեցումները: Իմ պատկերացմամբ այստեղ են իրավիճակի հետ կապված այն բոլոր սրացումները, որ տեղի են ունենում մեր հասարակությունում, ինչը բերում է բեւեռացումների:
Այստեղից անցում անելով Արցախի հարցին՝ ասեմ, որ ապագա բոլոր մարտահրավերներին դիմագրավելու միակ գրավականը մնում է մեր միասնականությունը: Մենք պետք է դա պահպանենք եւ թույլ չտանք հասարակության մեջ բաժանումներ, որովհետեւ մեր տարածաշրջանում զարգացումները բերում են սրացումներ», – ասաց Թեւան Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ