ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից Հայաստանում գործազրկության էական նվազում ունենք։ Նա նշել էր, որ 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, իսկ 2019-ի երկրորդ եռամսյակում՝ 207 հազար 200, նվազելով 29 հազար 200 մարդով։ «Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»,– գրել էր վարչապետը։
29200-ով նվազելը չի ենթադրում, որ այս ընթացքում այդքան աշխատատեղ է ստեղծվել։ Սրա մեծ մասը հիմնականում ստվերից դուրս եկած աշխատատեղերն են։
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»–ը զրուցեց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ։
-Ձեր կարծիքով՝ գործազուրկների քանակին համաչափ աշխատատեղեր կա՞ն։
Կարդացեք նաև
-Այդ խնդիրը մի կետ չունի, որ ենթադրենք, ունենք 100 հազար գործազուրկ, պետք է ստեղծել 100 հազար աշխատատեղ։ Աշխատանքի, գործատուների եւ գործազուրկների միջեւ կապը բավականին խնդրահարույց է։ Ամենայն հարգանքով՝ չփնովելով քաղաքացիներին, ովքեր աշխատանք չունեն, սակայն ցավոք մենք բախվում ենք մի իրականության հետ, որ շատերը չեն ցանկանում աշխատել կոնկրետ այս աշխատանքում։ Իհարկե, այստեղ գալիս է գործոն՝ կրթության հետ կապված։ Մենք բավականին նուրբ աշխատանք ունենք կատարելու կրթական առումով՝ մարդկանց կրթելու առումով։ Մարդիկ երկար տարիներ՝ ընդհուպ չափահաս դառնալուց հետո չեն աշխատել եւ այդ մարդիկ բարդույթ ունեն աշխատելու՝ լավ են, նպաստ են ստանում կամ բարեկամները օգնում են։ Ցավոք, տասնամյակներով այդ գործազրկությունը բավականին մեծ խնդիր է, ինչը արդեն մթնոլորտ է ձեւավորել հասարակության մեջ։
-Առաջիկա տարիներին գործազրկությունը վերացնելու հարցով կառավարություն ի՞նչ ռազմավարություն ունի։
-Կառավարությունը պետք է ստեղծի մի միջավայր, որտեղ մեծ թվով ընկերություններ հնարավորություն ունենան աշխատել՝ ապահովելով մեծ թվով մարդկանց աշխատատեղ։ Արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. իհարկե, այո՝ սկսած այն միջավայրից, որ տնտեսությունում որեւէ խոչընդոտ չկա, չկան արտոնյալներ։ Հարկային օրենսգրքում կատարեցինք որոշակի բարեփոխումներ, որը նույնպես կնպաստի բիզնեսով զբաղվելուն։ Արդեն որոշակի դրական քայլեր են նկատվում։ Սպասել, որ ունենալու ենք 10-20 հազար աշխատատեղ ունեցող մեծ գործարաններ պետք չէ, քանի որ մեր տնտեսությունը գոնե այս պահին նման հնարավորություններ չունի։ Մենք ավելի շատ գնում ենք
փոքր եւ միջին ձեռնարկությունների խրախուսման, որոնք էլ աստիճանաբար կմեծանան՝ փոքրը կդաոնա միջին, միջինը՝ մեծ։ Հետեւաբար՝ 10, 20, 50, 100 աշխատատեղով պետք է ապահովենք տասնյակ հազարավոր աշխատատեղեր։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում