Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյան. «Մեր նախարարը, իր բոլոր դրական կողմերով հանդերձ, ունի մի քիչ կոպտություն». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 23,2019 12:24

«Ժողովուրդ օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրենց խմբակցությունը պատրաստվում է կողմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը օրերս շատ բուռն քննարկվել էր խմբակցության նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։

 -Ըստ Ձեզ՝ նախարարը կգնա՞ ինչ-որ զիջումների իր նախագծում փոփոխություններ կատարելու։ Քննարկումից ի՞նչ հասկացաք, զիջումներ կլինե՞ն, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, նախարարը վրդովվել է, երբ հասկացել է, որ ինչ-որ հատվածներ անհրաժեշտ է փոփոխության ենթարկել, ու կեսկատակ ասել է. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում, ծխեք, մեռեք»։ Եղե՞լ է նման բան։

-Անկեղծ ասած՝ քննարկման ողջ ընթացքում ներկա եմ եղել, բայց այդ հատվածը վրիպել է ականջիցս։ Ես նման բան չեմ լսել։ Հաշվի առնելով նախարարի կատակասեր, մի քիչ ըմբոստ բնավորությունը՝ չեմ կարող ասել։ Ենթադրություններ անել չեմ կարող, քանի որ, ամեն դեպքում, մեր նախարարը, իր բոլոր դրական կողմերով հանդերձ, ունի մի քիչ կոպտություն։ Կարծիքների արտահայտման ժամանակ կա սրություն։ Համենայնդեպս, ես չեմ նկատել, որ գոնե այս նախագծի քննարկման ժամանակ այդպիսի սուր բաներ առաջանա։ Լինում են, որ մենք՝ պատգամավորներս, առողջապահության նախարարի հետ ունենում ենք լրիվ հակադիր կարծիքներ, եւ դա բերում է որոշակի սրացման, բայց այս նախագծի ընթացքում կարծես թե ամեն ինչ հարթ է դեռեւս, քանի դեռ Տնտեսական հանձնաժողովն իր տեսակետը չի հայտնել։ Հաշվի առնելով նախարարի բնավորությունը՝ մի քիչ կդժվարանամ ենթադրել, որ կգնա զիջումների, բայց միեւնույն ժամանակ պատգամավորներն էլ առանձնապես զիջող չեն։ Այսինքն՝ եթե այստեղ ինչ-որ խնդիր լինի, գոնե Ազգային Ժողովի կողմից ամբիցիաների հարց չի լինի։ Ցավոք, ընդհանուր առմամբ նախարարների կողմից ամբիցիաների հարցեր լինում են, ոչ այս թեմայի համար եմ ասում։ Եթե Ազգային ժողովը գտնի, որ երկրի տնտեսության, հասարակության որոշակի խմբի հետ կապված կամ ոլորտային ինչ-որ խնդիրներ կան, մենք հաստատ կպայքարենք։ Բայց նախագիծն, ընդհանուր առմամբ, ես դրական եմ գնահատում ու կարծում եմ, որ պետք է րոպե առաջ որոշակի սահմանափակումներ մտնեն այս հարցում, որպեսզի մենք կանխենք նոր ծխախոտ գնողներին։

–Տիկին Բադալյան, Ձեր խմբակցության ծխող պատգամավորները պատրա՞ստ են այն արգելքին, որը պետք է նախատեսվի օրենքով։ Կարո՞ղ են պատգամավորներին արգելել ծխել, քանի որ մի խումբ պատգամավորներ արդեն բողոքի նոտա են հղում այդ առումով։

–Եվ ինձ որեւէ մեկը չի կարող որեւէ բան արգելել։ Ինձ կարող են համոզել, խորհուրդ տալ, բայց արգելել ծնվածս օրվանից որեւէ մեկը չի կարող որեւէ բան։ Ես չգիտեմ՝ դա նախագծի խնդրահարույց մասն է, թե նախագծի մեկնաբանության խնդրահարույց մասն է, որն առաջին հայացքից որպես արգելք է դիտվում։ Երբ ասում էի, որ կան սուր կողմեր նախագծում, սա դրանցից մեկն է։ Ոչ միայն ես, այլեւ մեր քաղաքական թիմը, կարծում եմ, իր գործողություններով արդեն համոզվել է, որ դու չես կարող արգելել որեւէ մեկին որեւէ բան։ Կարող են փաստարկներով համոզել, բայց արգելել…. Իսկ երբ խոսքը սկսվում է արգելելով միանգամից ըմբոստություն է առաջանում։ Դա նկատի ունեի, որ ասում էի, թե սուր մասեր կան նախագծում, որը պետք է մեղմել, թե չէ գաղափարը լավն է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031