Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացման մասին տեղեկությունը, որ հրապարակեց նախօրեին լրատվամիջոցներից մեկը և այն մեծ արձագանք առաջացրեց հանրության և քաղաքական ուժերի շրջանում, արտացոլում է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում և սոցիալ-հոգեբանական տիրույթում առկա բավականին խորքային խնդիրների առկայությունը: Մի կողմից հասկանալի է, որ կոռուպցիոն մոտիվացիայի բացակայության պայմաններում պետական պաշտոնյաները պետք է ունենան օրինական վարձատրության հնարավորինս խոսուն մոտիվացիա, հատկապես հաշվի առնելով այն ահռելի պատասխանատվությունը, որի ներքո գործում են այդ պաշտոնյաները, և նկատի ունենալով նաև այն չափազանց ծանր ժառանգությունը, որի հնարավորինս արագ հաղթահարումն ու հետևանքների վերացումն է պահանջում հանրությունը:
Բայց, միևնույն ժամանակ, այդ նույն հանրությունը կամ դրա մի զգալի մասը փաստորեն դժգոհում է, երբ տեղեկանում է, որ եղել է պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում կամ պարգևատրումներ: Եվ այստեղ բանն ամենևին, այսպես ասած, գաղտնի լինելու հանգամանքը չէ: Ի վերջո, «ոչ գաղտնի» լինելու պարագան ամենևին չի նվազեցնում դժգոհությունը, ըստ այդմ՝ թյուր է կարծիքը, թե խնդիրը ձևն է, ոչ թե բովանդակությունը: Խնդիրը բովանդակությունն է և այն լուրջ խնդիր է, որովհետև արտացոլում է Հայաստանի հանրային շրջանակներում ձևավորված ավելի խորքային սոցիալ-հոգեբանական բարդույթների առկայությունը: Ընդ որում՝ բարդույթներ, որոնց ձևավորման գործում իրենց դերն են ունեցել նախկին ընդդիմությունները, այդ թվում՝ ներկայիս իշխանության մաս կազմող ուժեր, մի շարք շրջանակներ:
Նախկին կոռումպացված իշխանությունը սուր քննադատվում էր, երբ խոսք էր գնում պաշտոնյաների, նախարարների, պատգամավորների, փոխնախարարների և այլ որոշակի շերտի աշխատավարձը բարձրացնելու մասին: Հանրությունը դժգոհում էր, թե «գողանում» են, ու դեռ մի բան էլ աշխատավարձ բարձրացնում՝ աղքատության պայմաններում: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները, այսպես ասած, «գեներացնում» էին այդ դժգոհությունը, գուցե չպատկերացնելով, թե ինչպես է այն սահուն անցնում շատ կոնկրետ պատճառահետևանքային օբյեկտիվ սահմանն ու վերածվում արդեն սուբյեկտիվ երևույթի՝ հանրային հոգեբանական բարդույթի: Հանրությունն այժմ պահանջում է աշխատանքի արդյունք՝ անմիջապես իր մաշկի վրա, նոր միայն հայտնում պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնելու հանդուրժողության պատրաստակամություն: Մինչդեռ, անկախ զուտ արդյունավետության գնահատականից, ակնառու է նաև, որ Հայաստանում եղել է չափազանց ծանր մի իրավիճակ, որի պարագայում հենց միայն ուղղակի աղետ թույլ չտալն արդեն իսկ պահանջում է իսկապես ծանր աշխատանք, և հանրությունը կարող է և շատ առումներով դեռևս որոշակի ժամանակ իր մաշկի վրա չզգալ այնպիսի արդյունք, որի պարագայում «թույլ կտա» պաշտոնյային բարձր աշխատավարձ:
Ահա այդ առումով ձևավորվում է որոշակի փակ շղթա, որից դուրս գալը պահանջում է նոր իշխանության, այսպես ասած, համարձակ, բաց խոսակցություն հանրության հետ, որովհետև միայն հեղափոխական լեգիտիմությունը այդ խորքային հարցերի պարագայում չի բավարարում իրավիճակը կառավարելի պահելուն:
Կարդացեք նաև
Պատրա՞ստ է իշխանությունը դրան:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: