Երկար տարիներ Սահմանադրական դատարանի, ապա նաեւ մի կարճ շրջան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ աշխատած ու դատարանները շրջափակելու ակցիայից հետո հրաժարական տված Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ցանկացած սահմանադրական խնդիր ունի նաեւ քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական բաղադրիչ։
Նա սա ասում է՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջը ծավալվող վերջին իրադարձություններին։ Իսկ անձամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալու իրավապահների գործողություններն էլ Գագիկ Հարությունյանը համարում է իրավական մշակույթի խնդիր։ Հարցրինք՝ իրեն դո՞ւր է գալիս այն մթնոլորտը, որ ձեւավորվել է այսօր Հայաստանում, ինչին կարճ պատասխանեց՝ ոչ։
– Մենք ժամանակին, երբ Դուք էիք ԲԴԽ նախագահը, Ձեզնից էինք ակնկալում, պահանջում, երբեմն՝ քննադատում, թե ինչու հստակ դիրքորոշում չեք հայտնում դատարանների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հիմա՝ Ռուբեն Վարդազարյանից։
– Նախ՝ երբեմն չէիք քննադատում, հիմնականում էիք քննադատում։ Բայց հիմա ես ասեմ՝ որն է հարցը։ Ես այն ժամանակ ակտիվ չէի արձագանքում՝ նկատի ունենալով, որ անելիքն այնպիսին է, որ պետք է գործը դնել սեղանին, որպեսզի մարդիկ տեսնեն՝ բան է փոխվում։ Խոսքով չի լինում։ Այդպիսի բարդ համակարգերը պետք է կարողանալ հիմնովին վերափոխման ենթարկել։ Դուք զուտ Ձեր խղճի հանգստության համար մի հատ վերցրեք-ծանոթացեք ԲԴԽ տարեկան հաղորդմանը, որ մենք տվեցինք։ Ես 100 էջանոց կոնցեպցիա մշակեցի՝ բարեփոխումների, այդ տարեկան հաղորդման մեջ դրա հիմնական բովանդակությունն արտացոլեցինք։ Մենք ցանկանում էինք իսկապես համակարգն այնպես վերափոխել, որ նա կարողանա գործունակ լինի, ազդեցությունների քիչ ենթակա լինի։
Կարդացեք նաև
– Այդ դեպքում ինչո՞ւ չմնացիք, որ իրագործեիք այդ ամենը, ինչո՞ւ հրաժարական տվեցիք ԲԴԽ նախագահի պաշտոնից։
– Որովհետեւ ես չէի կարող, ես բարոյական իրավունք չունեի, երբ դատարանները շրջափակեցին։ Ես դրանից ընդամենը 4-5 օր առաջ իշխանության բոլոր մարմիններին՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, մի քանի նախարարներ եւ այլն, բոլորին տվել էի այն կոնցեպցիան, որ առաջարկում էին բարեփոխումները։ Եվ մեծ մասը, կարծես թե, ոգեւորություն ունեին, նաեւ իմ հանդիպումների ժամանակ, ու չէին առարկում, որ կարելի է այս ճանապարհով գնալ։ Ու հանկարծ այդ ֆոնի վրա, կիրակի օրը ես լսում եմ, թե վաղը դատարանները շրջափակում ենք։ Զարմացա։ Մեկ օր առաջ բոլորովին այլ մթնոլորտ էր, այլ իրականություն, այս մեկ օրում ի՞նչ փոխվեց։ Երբ ես եկա, փորձեցի տեսնել իրականությունը, հաջորդ օրը նույնիսկ մտածում էի՝ քննարկման ժամանակ խոսք բարձրացնեմ եւ տեսակետ արտահայտեմ, դուրս եմ գալիս, որ գնամ, տեսնեմ՝ ԲԴԽ-ն էլ է շրջապատված։ Ընդ որում՝ մարդիկ, երեխաներ, որոնք իմ թոռների տարիքին են, արտահայտություններ էին անում, որ, կներեք, ես մարդկային արժանապատվություն ունեմ, ես ճանապարհ եմ անցել, ես կյանք եմ տեսել, ես մարդկանց հետ եմ շփվել․․․ եւ ես փորձեցի կուլ տալ։ Հաջորդ օրը եկել ենք, ու էլի նույն պատմությունը։ Եվ ցավն այն է, որ իրավաբաններից ոմանք սկսեցին դատարանները շրջափակելը համարել ժողովրդավարության դրսեւորում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: