Իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացները, որոշ քրեական գործերի ու ձերբակալությունների շուրջ տեղի ունեցող գործողությունները գնալով ավելի սուր քննադատության են արժանանում նաև մասնագիտական հանրության շրջանում: Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի նախկին ՄԻՊ, միջազգային իրավունքի մասնագետ և «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ, որը մի քանի խնդիր է առանձնացնում:
«Իմ պատկերացմամբ՝ իշխող քաղաքական ուժն, ինչ-որ պահի հայտնվելով ճահճի սահմանագծին, որոշել է, որ պետք է այդ ճանապարհով գնա, բայց յուրաքանչյուր քայլ իշխող քաղաքական ուժին ավելի է ընկղմում այդ ճահճի մեջ: Նրանք իրենց առջև քաղաքական խնդիր են դրել ամեն գնով ձերբազատվել Սահմանադրական դատարանի լեգիտիմ կազմի մեծամասնությունից, և անընդհատ նորանոր գործիքներ են ի հայտ բերում, որոնք ուղղված են այդ խնդրի լուծմանը: Եվ դա իրականացնում են թե՛ Հրայր Թովմասյանի վրա ճնշումը սաստկացնելով, թե՛ ինչ-որ իրավական գործընթացների տպավորություն ստեղծող քաղաքական գործընթացներ նախաձեռնելով և թե՛ այլ՝ չերևացող միջոցներով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը:
Վերջինս բնական է համարում այն, որ գործողությունները հետզհետե հանդիպում են ավելի մեծ հակազդեցության:
«Պատճառն այն է, որ գնալով ավելի մեծ թվով մարդկանց համար է ակնհայտ դառնում գործողությունների իրական էությունը: Իրավունքի հետ կապ չունեցող դեռևս վերջին դեպքը վերաբերում է Արսեն Բաբայանին, որը մի կողմից Հրայր Թովմասյանի մերձավորներից է, մյուս կողմից՝ իշխանության բավականին սուր քննադատը: Քննադատ, որի քննադատություններն այս ընթացքում որոշակի որոշումների փոփոխությունների են բերել, հատկապես Ազգային ժողովում»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ Ա. Բաբայանի ձերբակալությունն ուղղակի ինքնանպատակ է:
Կարդացեք նաև
«Այստեղ պարզապես գործ ունենք մութ սենյակում սև կատու որոնելու անհաջող փորձերի հետ: Եվ իմ պատկերացմամբ՝ այս ամենն ուղղակի իշխող քաղաքական ուժին զրկում է իր այն բարոյական առավելությունից, ըստ որի՝ նրանք ժամանակին մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող մարդկանց իմիջ ունեին: Ես չգիտեմ, թե այդ իմիջից ինչ է մնացել, որովհետև նրանց ղեկավարությամբ, նրանց ուղիղ քաղաքական հրահանգներով այսպիսի ակնհայտ խախտումներ են թույլ տրվում: Չմոռանանք, որ վերոնշյալ քրեական հետապնդումը անոնսավորվել էր վարչապետի մամուլի խոսնակի կողմից: Այնպիսի խախտումներ են լինում, որոնք ոչ միայն ներկայի վրա են ազդում, այլև անցյալի. կասկածի տակ է դրվում այս մարդկանց՝ նախկինում ունեցած մոտիվացիան»,-հավելեց մեր զրուցակիցը:
Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս գործընթացները որևէ կերպ չեն նպաստելու դատական իշխանության որակների բարձրացմանը: «Ընդհակառակը՝ ունենալու են հակառակ ազդեցություն: Բացի այդ, այս գործընթացներն ուղղակի ապացուցում են, որ իշխող քաղաքական ուժը չունի այն ժողովրդավարական արժեքաբանությունը, համաձայն որի, ցանկացած իշխանություն պետք է ունենա հակակշիռներ: Նրանք ուղղակի բիրտ ձևով փորձում են վերացնել իրենց համար գոյություն ունեցող թերևս միակ հակակշիռը՝ ի դեմս իրենցից անկախ Սահմանադրական դատարանի»,-շեշտեց Ռ. Մելիքյանը:
Նրա խոսքով, այս ճանապարհը ոչ մի լավ տեղ չի տանի. «Սա մեր հանրության համար կարող է խիստ անցանկալի հետևանքների բերել:
Այս իրավիճակը Հայաստանի հաջորդ իշխանություններին կարող է տալ բարոյական իրավունք՝ էլ ավելի խիստ վարվել ներկայիս քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ: Սա անցանկալի է ընդհանրապես մեր զարգացման տեսանկյունից»:
Իսկ թե ինչո՞ւ է սրվում իրավիճակը, ինչո՞ւ այլ ճանապարհով գնալու որոշում չի կայացվում՝ հաշվի առնելով նաև զգուշացումները, Ռ. Մելիքյանը ընդգծում է. «Կարծում եմ՝ խնդրի բուն էությունը հետևյալն է. գնալով ավելի հստակ է հիմնավորվում այն, որ իշխանության եկած մարդիկ ունեին բոլորովին այլ արժեքներ, քան նրանց լոզունգներն էին»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում