Լրահոս
Օրվա լրահոսը

Թափանցիկության պակասը

Հոկտեմբեր 23,2019 10:00

1) Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել ուժայինների ղեկավարները: Այստեղ չկա բավարար բացատրություն: Ամենաշատը իշխանության ներկայացուցիչները խոսում են ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին: Եթե բառային շղարշից փորձենք առանձնացնել իմաստը, ապա իշխանական վարկածները երկուսն են.

ա/ բավականաչափ ջանադիր չէր՝ «նախկինների» դեմ քրեական հետապնդումներ կազմակերպելու հարցում,

բ/ նա դավադրության մի մասն է, որը կազմակերպել էր Մոսկվան եւ որի նպատակն էր պետական հեղաշրջում իրականացնել:

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին իշխանությունն ու նրա կողմնակիցներն առանձնապես չեն խոսում, բայց հիմնականում ակնարկները վերը նշված «ա» կետի ուղղությամբ են:

Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում: Անձամբ ճանաչում եմ նրան 1992 թվականից. իմ տպավորությամբ նա հայրենասեր, գործին նվիրված, պարկեշտ եւ պատասխանատու անձնավորություն է: Թե ինչ սխալ արարք կարող էր կատարել, չեմ կարող պատկերացնել:

2) Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն աշխատում է արդեն 5 ամիս: Այն, ինչ քննում է տվյալ հանձնաժողովը, պետական (ռազմական) գաղտնիք է: Իսկապես, հնարավոր չէ հրապարակավ խոսել ռազմական գործողությունների ընթացքում թույլ տրված մեր սխալների եւ գուցե նաեւ՝ հանցագործությունների մասին՝ չվնասելով մեր անվտանգությունը: Այդ հարցերին երեւի պատմաբաններն անդրադառնան 30-40 տարի հետո: Բայց եթե հնարավոր չէ քննվող նյութի մասին հրապարակավ խոսել, ապա ո՞րն է հանձնաժողովի նպատակը: Վառ պահել ժողովրդի ատելությո՞ւնը «նախկինների» նկատմամբ: Այդ զգացմունքներն առանց այդ էլ վառ են եւ այդպիսին կմնան եւս 2-3 տարի: Դրանից հետո աստիճանաբար կմարեն, եւ ոչ մի քարոզչություն չի օգնի: Բայց ենթադրենք, հանձնաժողովն ի վերջո եզրակացություն է հրապարակում, որ այսինչը ազգի դավաճան է, իսկ այնինչը՝ գող-ավազակ: Որո՞նք են նման եզրակացության հիմքերը: Դրանք գաղտնի են:

3) Եվ վերջին հարցը, որտեղ կառավարությունն, ըստ էության, կարծում եմ, ճիշտ է: Բազմիցս գրել եմ, որ նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերը պետք է էականորեն բարձրացնել: Երբ չկա կոռուպցիա, երբ չկան «սեւ ծրարներ» (որոնք ի վերջո նույն կոռուպցիոն փողերից են առաջանում), ապա ինչո՞ւ պետք է լավ մասնագետը, որը մասնավոր հիմնարկում ստանում է մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ, համաձայնի նախարար աշխատել 2-3 անգամ ավելի փոքր վարձատրությամբ: Այս առումով՝ աշխատավարձ բարձրացնելու քայլը ողջունելի է: Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա արվում թաքուն: Պատասխանը պարզ է. կառավարությունը վախենում է պոպուլիստների բարձրացնելիք աղմուկից: Բայց դրանից պետք չէ վախենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Պոլի փէդ» (швабра деревянная) լինի՝ միայն քայլող լինի:
    ԼՏՊ-ի ձեռագիրը 30 տարի անց:
    Պատմությունը կրկնվում է:

  2. Հ.Շ. says:

    Դեռ շատերը չեն հասկանում: Հայաստանի մէջ՝ մարդկային արդարադատութիւնը անիմաստ բան է, այս պահին: Էականը՝ Արդարութիւնն է: Առաքինութեան գնահատանք եւ մեղքերի հատուցում: Եւ դրա համար՝ օրէ՜նք-մօրէնք, պատշաճ գործընթաց, կանոններ, դատական ընթացակարգ, չգիտեմ ինչ, աւելորդ եւ անտեղի ձեւակերպութիւններ են, պարապ բաներ են… Այդ ամէնը ի՞նչ կարեւոր, երբ որ երկնքից իջած է արդէն Միքայել Հրեշտակապետը եւ պատիժներն ու շնորհումները բաշխում է, ըստ Իր երկնային Հայեցողութեան, յանուն Վեհագո՛յն Արդարութեան: Որեւէ դատաւարութիւնները ի՞նչ կարեւոր, երբ որ՝ Վերջին Դատաստանի օրերն է ապրում Հայաստանը: Չնայ նոյնիսկ այլեւս քաւարան, ցմահ ազատազրկո՞ւմ, չէ՜… Խօսում ենք արդէն յետ-մահու եւ յաւերժական, ամենավերջնական ու ծայրագոյն պատիժների եւ վարձատրութեան մասին… Սպիտակները՝ դրախտ, սեւերը՝ դժո՛խք:

    Մեղա Տէր:

    Մ. Հայդուկ Շամլեան
    https://haytougchamlian.blog/

  3. Gagik says:

    Որ ասում եք նախարարը պետք է բարձր ստանա, բարձրա ինչքանա։ Իմ կարծիքով 700հազար դրամնելա բարձր աշխատավարձ պլյուս այլ արտոնություններն էլ չմոռանանք ասենք ծառայողական մեքենա, բժշկական ապահովագրություն և այլն։
    Պետքա նայել համեմատության մեջ ասենք թոշակառուն ինչքանա ստանում, ուսուցիչը ինչքանա ստանում, իզուր չի որ սահմանվումա բազային աշխատավարձի ինչ որ պատիկ։

    Մյուս խնդիրը էնա, որ եթե ասում ենք պիտի բարձր ստանա որ կաշառք ատկատ չանի մոտիվացված աշխատի, ավտոմատ ստացվումա, որ ով ցածրա ստանում իրավունք ունի գլուխ պահի կամ կաշառք վերցնի։

    Ասենք ուսուցիչը պետավտոտեսուչը, սահմանապահ սպան։

    Մի արգումենտել թե այ որ մենք բարձր ստանանք լավ կաշխատենք թոշակառույի թոշակը բարձր կլինի։
    Ասենք Վրաստանում 15տարի առաջա հեղափոխություն եղել, չինովնիկերի աշխատավարձը բարձրացրել են, բայց միջին թոշակը նույն մակարդակիա ինչ որ Հայաստանում։
    Փաստորեն հեղափոխական չինովնիկները վրացի ժողովրդին խաբել են, հիմա մերոնց հերթնա։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031