Էրազմուս ծրագրի շնորհիվ բոլորը համախմբվել էին հանուն խաղաղության
Ստամբուլի արվարձաններից մեկում հաճելի երեկո էր…Միլին՝ Թուրքիայից, խարույկ էր վառում, Ջարադաթը՝ Հորդանանից, պարում էր արաբական ազգային պարեր, Լուսինեն երգում էր, Հասանը՝ հիանում, Նելլին՝ Հայաստանից եւ Իրինան՝ Ռուսաստանից, կիսվում էին Հարիսայի եւ Մայրաքաղաքային աղցանի բաղադրատոմսերով։ Ինան՝ Հայաստանից, պատմում էր հորդանանցի Ահմադին, թե որքան է ուրախացել, երբ թուրքական դպրոցում հանդիպել է Կարսում բնակվող մի երեխայի։ Թուրք Համզան, արաբ Մաջդուլինը եւ ռուս Օլյան քննարկում էին միջազգային հարաբերությունները։ Հայաստանցի Արտյոմը եւ մակեդոնացի Տոմեն վիճում էին, թե որ ազգին է պատկանում լավագույն խորովածը։
Հոգնածություն զգացի, որոշեցի քնել։ Սենյակակցիցս՝ իսպանացի Պաուլայից խնդրեցի սենյակի բանալին եւ բարձրացա վերեւ։ Ժամը երեկոյան ութն էր, հանգստանալու համար ունեի ընդամենը երկու ժամ, քանզի պետք է մասնակցեի մակեդոնական եւ էստոնական մշակույթի երեկոյին, որը բաց թողնել պարզապես չի կարելի. մակեդոնական ուտեստներ, խմիչքներ, էստոնական աշխույժ պարեր եւ խաղեր, դա պարզապես հաճույք է։
Արթնացա՝ բոլորովին հանգիստ եւ առույգ, նայեցի ժամին՝ առավոտյան հինգն էր։ Առաջին զգացմունքս ափսոսանքն էր, որ բաց եմ թողել միջոցառումը։ Դեռ չէի հասցրել ամբողջությամբ հասկանալ՝ ինչ է կատարվում, երբ նկատեցի, որ սենյակում մենակ եմ։ Միայն ոչ դա։ Խոր քնի պատճառով չեմ լսել դռան թակոցը եւ Պաուլան մնացել է դրսում։
Կարդացեք նաև
Անհանգստացած դուրս վազեցի սենյակից՝ նրան փնտրելու եւ հանդիպեցի Բաքիին եւ Վիքիին։ Նրանք ծրագրի կազմակերպիչներն էին, համապատասխանաբար՝ Թուրքիայից եւ Էստոնիայից։ Ինձ տեսնելուն պես սկսեցին ծիծաղել եւ հայտնեցին, որ ամեն ինչ նորմալ է, Պաուլան գիշերում է մեր հորդանանցի ընկերուհու՝ Սալամի սենյակում։
Իսկ ի՞նչն էր համախմբել այսքան տարբեր ազգերի ներկայացուցիչներին. Էրազմուս ծրագիրը։
Էրազմուսը Եվրոպայի խորհրդի նախաձեռնությունն է՝ ուղղված երիտասարդների շրջանում կրթության, սպորտի, մշակութային դասընթացների խրախուսմանը։ Ֆինանսավորվելով Եվրոպական միության կողմից՝ Էրազմուսը տարեկան 4 միլիոն եվրոպացի երիտասարդների հնարավորություն է տալիս կրթություն ստանալ կամ վերապատրաստվել արտերկրում։
Այս ծրագիրը հյուրընկալում է երիտասարդների՝ ըստ վերջիններիս քաղաքացիական պատկանելության, պետության։ Տարբերվում են հիմնադիր անդամ պետություններ եւ գործընկեր պետություններ։ Թերեւս Հայաստանը հանդիսանում է ծրագրի գործընկեր պետություն, այնուամենայնիվ, վերջին տարիներին Հայաստանի մասնակցությունն ու ներգրավվածությունը Էրազմուս ծրագրին աճում է, ինչը պայմանավորված է հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդ առաջնորդների ակտիվացմամբ եւ Հայաստան- Եվրոպա համագործակցության շրջանակների ընդլայնմամբ։
Այս տեսակ փոխանակման ծրագրերը տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին հնարավորություն են տալիս որոշակի ժամանակահատված ապրել, աշխատել տրված թեմայի շրջանակներում, սովորել եւ ճանապարհորդել միասին։
Ծրագիրն ընթանում է դասախոսությունների, քննարկումների, բանավեճերի, խմբային աշխատանքների եւ դերախաղերի միջոցով։ Ծրագրի ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր։ Այս տարվա սեպտեմբեր ամսին 5 հոգուց բաղկացած խումբ Հայաստանից մեկնեց Թուրքիա՝ մասնակցելու հերթական ծրագրին։ Ծրագրին մասնակցում էին նաեւ Մակեդոնիայի, Հորդանանի, Իսպանիայի, Էստոնիայի եւ Ռուսաստանի երիտասարդները։ Թեման մշակույթն էր եւ ազգային առանձնահատկությունները։ Ծրագրի շրջանակներում երիտասարդները միասին պատրաստեցին եւ համտեսեցին միմյանց ճաշատեսակները, սովորեցին միմյանց ազգագրական երգերը, երաժշտությունն ու պարերը, ինչպես նաեւ՝ լեգենդները, հեքիաթները։
Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվող այս մեծամասշտաբ ծրագրի հիմնական առաքելությունը այլազգիների ներգրավվածությունը խթանելն է։ Քրիստոնյա եւ մահմեդական եղբայրներ, աթեիստ եւ գլխաշոր կրող քույրեր, սպիտակամորթ եւ սեւամորթ ընկերներ՝ սա այն է, ինչի կարիքն այսօր աշխարհն ամենից շատն ունի, սա խաղաղությունն է։ Մենք չենք կռվում ընդդեմ պատերազմի, մենք կռվում ենք հանուն խաղաղության։ Միացի՛ր մեզ:
Մարիամ ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2019
“Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվող այս մեծամասշտաբ ծրագրի հիմնական առաքելությունը այլազգիների ներգրավվածությունը խթանելն է։ Քրիստոնյա եւ մահմեդական եղբայրներ, աթեիստ եւ գլխաշոր կրող քույրեր, սպիտակամորթ եւ սեւամորթ ընկերներ՝ սա այն է, ինչի կարիքն այսօր աշխարհն ամենից շատն ունի, սա խաղաղությունն է։ Մենք չենք կռվում ընդդեմ պատերազմի, մենք կռվում ենք հանուն խաղաղության։ Միացի՛ր մեզ:”.- Ապրեք Մարիամ Զաքարյան, արժանի ընտրություն է կատարել Էրազմուսը։ Հենց երեկ, համարյա թե նույն բանն էր ասում Ավրորայի առաքելության մասին “The Washington Post”