Այս տարվա սկզբին ԿԳ նախարարությունը որոշեց տենդեր անցկացնել մանկապատանեկան մամուլի ֆինանսավորման համար եւ դադարեցրեց գրեթե 100-ամյա մանկապատանեկան «Աղբյուր» ամսագրի եւ «Կանչ» թերթի, մանկական «Ծիծեռնակ» ամսագրի ֆինանսավորումը` նախընտրելով պարզապես ավելի քիչ գումարով բյուջե ներկայացրած «բիզնեսմեններին»: Շատ վրդովվեցինք, շատ գրեցինք, շատ պայքարեցինք, բայց որոշումը կայացված էր:
Հիշեցնեմ նաեւ` ինչպես ԿԳ նախարարը 29.04.2019թ. ֆեյսբուքյան («Ազատություն» ռադիոկայան) հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ այդ պարբերականները («Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ») «տասնամյակներ շարունակ հենց էնպես ֆինանսավորում են ստացել…»՝ վիրավորելով բազմաթիվ սերունդներ կրթած կրթության ու մշակույթի այս օջախների բազմամյա աշխատողներին, որոնցից շատերը մի ողջ կյանք էին նվիրել մանկապատանեկան լրագրությանը:
Այս խոսքերից անցել է տասն ամիս, ու արդեն տպագրվել են «հենց էնպես ֆինանսավորում չստացող» նախարարական ընտրյալները, եւ որոշեցի տեսնել, թե, օրինակ, իմ խմբագրած «Աղբյուր» ամսագրի փոխարեն լույս տեսնող «Խատուտիկը» ինչպիսին է: Անկեղծորեն ասեմ, որ տրամադրվեցի օբյեկտիվ լինելու եւ հարկ եղած դեպքում խոստովանելու, որ ինչ որ տպագրվում է «Աղբյուրի» փոխարեն, իրոք, ավելի լավն է, ու նախարար-նախարարությունն էլ չի սխալվել, որ նախընտրել է «Խատուտիկը»: Մտա մի դպրոց ու խնդրեցի այդ ամսագրի վերջին մեկ-երկու համար: Աբիսողոմ աղան կասեր` ոտքս կոտրեր, ու չերթայի…
Բացեցի «Խատուտիկի» էջերը: Սիրտս նորից մրմռաց. հիշեցի՝ ինչպես էինք ցուրտ ու մութ տարիներին, առանց աշխատավարձ ստանալու, այնուամենայնիվ, գնում խմբագրություն, որպեսզի գոնե մի քանի համար կարողանայինք լույս ընծայել, մինչեւ որ պատերազմը ավարտվեր:
Թերթեցի «Խատուտիկի» էջերը ու… էս ինչի՞ հետ են փոխել «Աղբյուրը»: «Աղբյուրը» կարմրատակում էր իր ամեն վրիպակի համար, որ երկու-երեք համարը մեկ կարող էր հայտնվել իր էջերում, իսկ էս «Խատուտիկը» նման հարցերում լրիվ անամոթ է. ծայրեծայր կետադրական, ուղղագրական սխալներ, ծայրեծայր խմբագրական խոտան, փնթիություն (գոնե Հայաստանի ազգային հերոսի անունը գրելիս ուշադիր լինեին):
Կարդացեք նաև
Ու խոսքս ուզում եմ ուղղել մեր վարչապետին, որին հիմա էլ եմ սատարում:
Հարգարժա՛ն վարչապետ, կրթության նախարարն իր վաստակը, տեղն ու դիրքը, հարգը իմացող, իր անվան ու պատմության նախանձախնդիր «Աղբյուրից» նախընտրեց այս անգրագետ «Խատուտիկը», որպեսզի այն եւ իր ստեղծած «ուղղագրությամբ» ու «կետադրությամբ» դպրոցների ուսուցիչներին ապշահա՞ր անի… Չէ՞ որ սա հատուկ հանրակրթական դպրոցների համար ԿԳ նախարարության տպագրած ամսագիրն է, եւ, մեղմ ասած, անհարմար է, որ դպրոցում երեխաներին մի ուղղագրություն ու կետադրություն սովորեցնեն, իսկ նախարարության կողմից դպրոց ուղարկվող մանկապատանեկան պարբերականում լինի այլ «ուղղագրություն» ու «կետադրություն»:
Բայց տարրական անգրագիտությունը «Խատուտիկի» ամենեւին էլ ամենամեծ «նվաճումը» չէ. ԿԳՄՍԱԳԼՃԿ նախարարությունը հանրակրթական դպրոցներ է ուղարկում մի գանգուրիկ-խատուտիկ ամսագիր, որի մեջ գրված է, որ աշխարհում կա 872 երկիր, ու զբոսաշրջություն սիրող ինչ-որ մի ծրագրավորող արդեն հասցրել է լինել այդ 872 երկրներից 823-ում («Խատուտիկ», հ.3, 2019թ., էջ 13, հա, մոռացա զգուշացնել, որ կետադրական եւ ուղղագրական սխալների էջերը չեմ նշել, քանի որ դրանք կարդալը տասն անգամ ավելի շատ ժամանակ կխլի, քան նման մի քանի հոդված):
Հարգարժա՛ն վարչապետ, «Աղբյուրի» յուրաքանչյուր համարում իրենց ստեղծագործություններով հանդես էին գալիս մի քանի տասնյակ երեխաներ, «Խատուտիկում»՝ տասը՝ երբեմն իրենց պապիկների հետ գիրկընդխառն լուսանկարված, լուսանկարները երեխայի ստեղծագործություն-գեղանկարից զգալիորոն ավելի մեծ չափով էջին ճլմփացրած: Դե, այս ամսագրում ո՛չ չափ են հասկանում, ո՛չ առաջ ու ետ, ո՛չ կարեւոր ու անկարեւոր. համարները բացվում են «Հայկականք» փծուն, ծեգծեգուն վերտառությամբ նյութերով, որոնք երեխաներին պատմում են, թե դրախտի չորս գետերը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից, հաջորդող էջերը շարունակվում են հազար տարի առաջ տպագրված գրքերից արտատպություններով, մամուլում հազար տարի մաշված նավթալինոտ «նշանավոր մարդկանց կյանքից»-ներով, կրեմ բլանժեներով, խմբագրի՝ կետադրական անգրագիտություններով հարուստ թարգմանություններով, թեստերով… Եվ այս ամենը՝ անճաշակ … ուզում էի ասել ձեւավորմամբ, բայց ես տեսել եմ, թե ինչպես էր հավաքվում «Աղբյուրի» խմբագրական խորհուրդը, եւ եթե գնահատության մեջ զուսպ Գրիգոր Խանջյանին փոքր-ինչ անընդունելի թվար այս կամ այն նյութի ձեւավորումը, այն վերադարձվում էր նկարչին: Իսկ այստե՞ղ. երեխաների համար տպագրվող ամսագրի էջերում գրեթե բացակայում են նկարչական ձեւավորումները, եւ դրանց փոխարեն համացանցահենության արդյունք ֆոտոներն են՝ էջերին պատահական-կամայական շրջանակներով ճլմփացրած:
Պարոն վարչապետ, ահա թե ինչպես են մսխվում պետական փողերը. այս դեպքում գործի գիտակ մի ողջ կոլեկտիվի մերժելով 9 միլիոն դրամը, նրա անդամներին գործազուրկ դարձնելով՝ ԿԳ նախարարությունը 6 միլիոն դրամ տրամադրեց մեկ հոգու խմբագրություն այս խատուտիկին, հիմա ո՞վ է հենց էնպես ֆինանսավորվում, եւ ո՞վ է հենց էնպես ֆինանսավորողը:
Նյութերի գերակշիռ մասը, կրկնում եմ, համացանցահենության արդյունք է, մինչդեռ պայմանագիրը սեփական նյութերի խիստ պահանջ էր նախատեսում. ո՞վ է պատասխան տալու պայմանագրի այս էական կետը լկտիորեն արհամարհելու համար:
Պարոն վարչապետ, եթե ճիշտն ասենք, այս ամենի մեղավորը այնքան էլ այդ մեկ հոգին չէ, որքան ԿԳ նախարարը: Իսկ ավելի ճիշտ՝ մեղավորը Դուք եք, քանի որ երբ Դսեղում Թումանյանի 150-ամյակը նշելիս պարզվեց, որ նախարարը Մեծն լոռեցուց գոնե չորս տող չգիտի, ժողովուրդը զարմացավ, որ նրան հաջորդ օրն իսկ պաշտոնանկ չարեցիք: Եթե անեիք, այսօր այդ նախարարությունը փոփոխություն չէր նախատեսի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում՝ որոշելով, որ այլեւս բուհերում հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասաժամերի լինել-չլինելու հարցը թողնվելու է ռեկտորների քմահաճույքին, քանի որ ԿԳ նախարարի նախընտրած «Խատուտիկի» օգնությամբ նոր սերունդը դպրոցում հայոց լեզվի՛ն էլ, հայ գրականությա՛նն էլ, դրախտից ելնող չորս գետերի հայոց պատմությա՛նն էլ քաջ տիրապետելու է:
Եվս մի հետաքրքիր իրողություն. ոչ մի կերպ չհաջողվեց գտնել վերոհիշյալ տենդերում հաղթած բոլոր չորս անուն ամսագրերը. հայտնաբերվեցին միայն երկուսը: Չար լեզուներն ասում են, որ դրանցից առնվազն մեկը ընդհանրապես հրաժարվել է տպագրվելուց: Մի խոսքով, ամեն առումով ԿԳ նախարարությունը ձախողել է մանկապատանեկան պարբերականների տպագրության գործը:
Մեկ-երկու տող էլ հին ձեւով «խաղեր տվող» նեոկոռուպցիոն ռիսկերի մասին. պարոն Ա. Հարությունյանը տեղյա՞կ է, որ արդեն մանկապատանեկան պարբերականների մրցույթում «հաղթած» «խատուտիկների» խմբագրական խորհուրդների կազմ են ընդգրկվել հենց ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաներ, երեւի որպեսզի վերջիններիս «ինֆորմացիոն աջակցությամբ» մյուս տարի այդ խայտաբղետիկները ավելի հեշտ շահեն մրցույթը: Ու այս կապակցությամբ դարձյալ, ինչպես սկզբում, հիշեցի ԿԳ նախարարի ֆեյսբուքյան («Ազատություն» ռադիոկայան) նույն հարցուպատասխանը, որի ընթացքում նա մանկապատանեկան մամուլի տպագրության մրցույթի վերաբերյալ «Կանչ» թերթին, «Ծիծեռնակ», «Աղբյուր» ամսագրերին ասաց. «Մարդիկ լրացուցիչ ջանք պետք է գործադրեին պատշաճ կերպով մասնակցելու մրցույթներին»: Համարե՞նք, որ նախարարի նախընտրած «խատուտիկների» խմբագրական խորհուրդների կազմ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների ընդգրկվելը հենց այդ «լրացուցիչ ջանք»-ն է…
Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
«ԱՂԲՅՈՒՐ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր
«Առավոտ» օրաթերթ
22.10.2019