«Լը Կուրիե դը Մոսկու» («Մոսկովյան սուրհանդակ») ֆրանսիական պարբերականն անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, դրանց զարգացման գործում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի դերին:
«Արմեն Սարգսյան. Հայ-ֆրանսիական կապակցումը» վերնագրով հոդվածում մասնավորապես ասվում է.
«Փարիզը եւ Երեւանը ունեն վաղեմի եւ սերտ հարաբերություններ՝ պայմանավորված Ֆրանսիայում կես միլիոնից ավելի հայերի ներկայությամբ եւ 2018թ. կտրվածքով 50 մլն եվրոյի չափով առեւտրաշրջանառությամբ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկուկես տարուց ի վեր ջանքեր է գործադրում առավել սերտացնելու երկու երկրների միջեւ կապերը:
66-ամյա նախկին վարչապետը (1996-1997թթ.), որը նաեւ դիվանագետ է, ֆիզիկոս եւ կայացած գործարար, Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մարտից: Չնայած 2015թ. սահմանադրական բարեփոխումներով կրճատված նախագահական լիազորություններին՝ պրն. Սարգսյանը ջանում է երկրին տալ միջազգային տեսանելիություն՝ օգտագործելով իր լայն ծանոթությունները եւ քաղաքական, տնտեսական ու ֆինանսական շրջանակներում անձնական կապերը:
Կարդացեք նաև
Եղբայրացում
Նախագահի այդ ռազմավարության մեջ Ֆրանսիան առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Պատահական չէ, որ մեկուկես տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը, որը չի խոսում ֆրանսերեն, սակայն կատարելապես տիրապետում է անգլերենին (նա տեսական ֆիզիկա է դասավանդել Քեմբրիջում եւ եղել Լոնդոնում դեսպան), արդեն հինգ անգամ այցելել է Ֆրանսիա եւ հանդիպել քաղաքական պատասխանատուների ու ձեռնարկատերերի հետ:
Նախագահի անձնական կապերի եւ ազդեցության շնորհիվ, ֆրանսիական Monthly Barometer-ի միջոցով, այս տարվա հունիսի 7-9- ը Դիլիջանում կազմակերպվեց Մտքերի Հայկական գագաթնաժողովը: Տարբեր երկրներից ժամանած՝ երկու հարյուրից ավելի քաղաքական, տնտեսական եւ մշակութային ազդեցիկ գործիչների ներկայությունը գագաթնաժողովում, որտեղ քննարկվում էին տարածաշրջանային եւ համաշխարհային հարցեր, ըստ բազմաթիվ մեկնաբանների՝ Հայաստանի նախագահի հիմնական հաջողություններից մեկն է: Նա անձնապես մտերիմ է հիշյալ վերլուծական գրասենյակի տնօրեն Թիերի Մալրեի հետ:
Գագաթնաժողովում ֆրանսիական պատվիրակությունը հատկապես լավ էր ներկայացված: Ֆորումի ժամանակ Դիլիջանի եւ Շամոնիի միջեւ, որտեղ ամեն տարի տեղի է ունենում Monthly Barometer-ի Մտքերի գագաթնաժողովը, ստորագրվեց եղբայրացման համաձայնագիր: Հայաստանի նախագահի համար սա երկու երկրների կապերն ամրապնդելու միջոց է:
Ֆորումի կարեւորագույն հյուրերի շարքում էր Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, որը Մատինյոնից հեռանալուց հետո հիմնել է ռազմավարության եւ միջազգային ներդրումների խորհրդատու ընկերություն: Նրա հաճախորդներից են երկրներ տարբեր աշխարհամասերից (Իրանը, Վենեսուելան, Քաթարը, Չինաստանը, Ադրբեջանը) եւ խոշոր ձեռնարկություններ («Տոտալը», «Ալսթոմը», «Քաթար» հիմնադրամը):
Վիլպենը եւ Սարգսյանը 2019թ. պաշտոնապես հանդիպել են երկու անգամ՝ փետրվարին՝ Փարիզում եւ հունիսին՝ Երեւանում: Անցած հուլիսին ֆրանսիացի նախկին քաղաքական գործիչը դարձավ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի վարչության անդամ, պետական մի մարմին, որը կոչված է երկիր բերել օտարերկրյա ներդրողներին: Երեւանում ոչ մի կասկած չունեն, որ այդ նշանակումը անձամբ Հայաստանի նախագահի միջամտությամբ է:
«Թալես», «Դասո», Փարիզի օդանավակայաններ…
Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներն են հեռահաղորդակցությունը, արհեստական բանականությունը եւ գյուղմթերքները: Սրանք ֆրանսիական ձեռնարկությունների համար, որոնք պրն. Սարգսյանի նախընտրած թիրախն են, դեռեւս չօգտագործված հնարավորություններ են: Սարգսյանը քանիցս հանդիպել է «Թալես» խմբի ղեկավարությանը, որը պաշտպանության, տիեզերքի, հաղորդակցությունների ու տրանսպորտի ոլորտներում էլեկտրոնիկայի եւ բարձր տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է: Նախագահը մասնավորապես Երեւանում եւ Փարիզում զրույցներ է ունեցել խմբի նախագահ Պատրիս Կենի, գլխավոր տնօրենի տեղակալ Ռաֆայել Էսքինազիի եւ տարածաշրջանային տնօրեն Ռեմի Պոլի հետ: Այժմ խորացված բանակցություններ են ընթանում Հայաստանում հեռահաղորդակցության գծով խմբի մասնաճյուղ հիմնելու ուղղությամբ:
Ըստ էության, Հայաստանի նախագահի համար այս սեկտորը նորություն չէ, քանի որ նա աշխատել է ֆրանսիական «Ալկատելի», իսպանական «Տելեֆոնիկայի» հետ եւ նույնիսկ անցում է կատարել «Թալես Ալենիա Սփեյսով»:
Հայաստանի նախագահի համար մի այլ արտոնյալ զրուցակից է օդագնացության կոնստրուկտոր «Դասոն», որի հետ նույնպես նա անցյալում համագործակցել է: Վերջին ամիսներին պրն. Սարգսյանը Երեւանում, իսկ հունիսին՝ Բուրժեի օդագնացության սալոնում հանդիպել է Օլիվիե Դասոյի (ռազմավարության եւ զարգացման հանձնախմբի նախագահ), Ֆլորանս Վերզելենի (գլխավոր տնօրենի տեղակալ), Վալերի Ֆերեի (հանրային կապերի տնօրեն), ինչպես նաեւ Քսավիե Ֆուժեի (գիտական ծրագրերի տնօրեն) հետ: Ըստ նախագահի մամուլի ծառայության, քննարկումներն ընթացել են արհեստական բանականության, կիրառական մաթեմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտացած հայ-ֆրանսիական հետազոտությունների եւ զարգացման կենտրոն բացելու շուրջ:
Բուրժեում պրն. Սարգսյանը խոսել է ֆրանսիական արդյունաբերության երկու այլ հսկաների՝ «Էյրբասի» եւ «Սաֆրանի» հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Նա Փարիզի օդանավակայանների ներկայացուցիչների հետ քննարկել է նաեւ Երեւանի եւ Փարիզի միջեւ օդային թռիչքների թիվն ավելացնելու հարցը: Ըստ նյութին տեղյակ աղբյուրների, Բովեի օդանավակայանի ղեկավարությունը դեմ չէ Հայաստանի մայրաքաղաքի հետ բյուջետային թռիչքների ավելացմանը:
Մոսկվայի ուշադիր հայացքի ներքո
Ըստ իրազեկ աղբյուրների, պրն. Սարգսյանի աշխատանքային հանդիպումներում հնչեցրած խոսքերից առանձնանում է մեկ լեյտմոտիվ՝ Հայաստանի եվրոպական ինտեգրացումը: Նախագահը դրական է վերաբերվում ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ կամուրջ լինելու՝ Հայաստանի դերին:
Այս պահին դժվար է ասել, թե Մոսկվան ինչ աչքով է նայում իր գործընկերոջ միջազգային նոր հավակնություններին, նույնիսկ եթե թվում է, թե Կրեմլը դրանք լուրջ է ընդունում: Իհարկե, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի տնտեսական ցանկացած ինտեգրում վերազգային որեւէ տարածքի վերապահված է վարչապետին: Այնուամենայնիվ, անցած հուլիսի 1-ին Մինսկում, Եվրոպական խաղերի փակման արարողության շրջանակներում Պուտինի եւ Սարգսյանի միջեւ խորհրդապահական հանդիպումը (խոսակցության բովանդակությունը նախքան այն եւ դրանից հետո չդարձավ որեւէ հանրային հայտարարության առարկա) աննկատ չանցավ. Ռուսաստանի նախագահը սովորություն չունի, հատկապես արտասահմանում, զրուցելու իրական վճիռ կայացնելու կարողություն չունեցող ղեկավարների հետ:
«Առավոտ» օրաթերթ
22.10.2019