Սերժ Սարգսյանի օրոք նա երկու անգամ այցելել էր Երեւան
Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը սեպտեմբերի 8-ից զբաղեցրած Գեորգի Գախարիան անցած երկու շաբաթներին կատարեց առաջին արտասահմանյան այցերը: Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ նախ հարեւան երկրներ. Ադրբեջան, Հայաստան, ամսվա վերջին՝ Թուրքիա, որից հետո՝ Բրյուսել:
Գախարիան երկու անգամ այցելել է Երեւան. 2017թ. հունիսին Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, իսկ 2018թ. փետրվարին՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։
«Վարչապետի առաջին պաշտոնական այցերը կիրականացվեն հարեւան երկրներ, որոնք մեր կարեւորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ առեւտրային եւ տնտեսական ուղղություններով»,- ասվում էր Վրաստանի կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ եւ նշվում. «Բրյուսել այցը կկայանա եվրահանձնաժողովում անցկացվող կադրային փոփոխություններից հետո»:
Կարդացեք նաև
Այսպես, Գախարիան սկսեց տարածաշրջանային այցը Ադրբեջանից՝ հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան նշեց, որ «Ադրբեջանն ու Վրաստանը կապացուցեն բոլորին, որ իրենք անլուծելի խնդիրներ չունեն»: Վարչապետի պաշտոնում իր առաջին այցը Ադրբեջան պատահական չէ, նշել էր Վրաստանի կառավարության ղեկավարն՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Վրաստանը մտերիմ բարեկամներ ու գործընկերներ են. «Մեր գործընկերությունն իրապես դուրս է եկել տարածաշրջանային նշանակության սահմաններից եւ միջազգային մակարդակի թեմա է դարձել, մանավանդ տնտեսության՝ էներգետիկ, տրանսպորտի եւ առեւտրի ոլորտներում»: Այս հանդիպմանն առանձնակի ուշադրություն էր դարձվել ռազմավարական գործընկերության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության ծրագրերին, որոնց մասնակցում են Վրաստանն ու Ադրբեջանը:
Փորձագետների համար լիովին տրամաբանական է, որ Գախարիան տարածաշրջանային ուղեւորությունը սկսեց Բաքվից։ Վերջին շրջանում վրաց–ադրբեջանական հարաբերություններում Դավիթ-Գարեջի վանական համալիրի հարցը դարձել է վիճելի թեմա, հետեւաբար, Բաքու այցելությունը նաեւ այդ խնդրի համատեքստում էր կարեւորվում։
Ամենեւին զարմանալի քայլ չէր, որ ինչպես նախորդ վարչապետները՝ այնպես էլ Գախարիան, տարածաշրջանային այցերը սկսեց Ադրբեջանից: Հնչում են կարծիքներ, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում ներկայիս որոշակի լարվածության աստիճանն ազդում է Վրաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վրա, եւ Գախարիայի՝ Ադրբեջան այցն ուղղված էր հենց այս խնդրի արագ կարգավորմանը:
Բացի այդ, տարածաշրջանային առաջին այցով Ադրբեջան՝ վրացական կառավարության ղեկավարը քաղաքական ուղերձ հղեց ադրբեջանական իշխանություններին՝ արձանագրելով Վրաստանի համար Ադրբեջանի ռազմավարական կարեւորության մասին: Չպետք է մոռանալ նաեւ, որ ադրբեջանական ներդրումները Վրաստանում տպավորիչ ցուցանիշներ են կազմում:
Վրաստանի վարչապետի այցը հարեւան երկրներ վկայում է այն մասին, որ Թբիլիսին հասկանում եւ կարեւորում է հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու անհրաժեշտությունը: Իհարկե, այցը Հայաստան Գախարիայի համար նաեւ ճանաչողական բնույթ է կրում: Նա ճանաչում էր Սերժ Սարգսյանին, իսկ Հայաստանի կառավարության անդամների հետ նա նոր պետք է ծանոթանար:
Գախարիայի նախորդների հետ Նիկոլ Փաշինյանը շփվել էր, նույնիսկ համոզմունք կար, որ Փաշինյանին հնարավոր էր դարձել հաստատել ընկերական, անձնական երկկողմ անկեղծ շփումներ վրաց գործընկերոջ հետ: Մամուկա Բախտաձեի պաշտոնավարման ընթացքում պաշտոնական Երեւանի կողմից նախաձեռնողական քաղաքականություն էր իրականացվում Վրաստանի ուղղությամբ, նկատվում էր որոշակի դրական դինամիկա: Հայ-վրացական առեւտրատնտեսական միջկառավարական խորհրդի նիստ կայացավ, Հայաստանում անցկացվեց հայ-վրացական բիզնես համաժողովը:
Այժմ կհաստատվե՞ն նման ընկերական հարաբերություններ Գախարիայի հետ, կլինե՞ն նոր նախաձեռնություններ, նախագծեր հայ-վրացական հարաբերություններում, առհասարակ, Գախարիայի այցից հետո ակտիվացում կնկատվի՞ հայ-վրացական հարաբերություններում: Գախարիայի օրոք հնարավոր կլինի՞ պահպանել հարաբերություններում դրական դինամիկան, եւ նոր օրակարգային հարցեր առաջ քաշել… Ցույց կտա ժամանակը:
Ամեն դեպքում, մշտապես կարեւորվում է՝ ենթակառուցվածքի, զբոսաշրջության, առեւտրատնտեսական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, Վրաստանը 2018թ. ծրագրում էր արգելք սահմանել իր երկրի տարածքով ավտոտրանսպորտային միջոցով Հայաստան ցորեն եւ եգիպտացորեն տեղափոխելու համար։ Ավելի ուշ այդ արգելքը հետաձգվեց մինչեւ 2019թ. հոկտեմբերի 1-ը։ Պաշտոնական Թբիլիսին մինչեւ հիմա վերջնական որոշում չի կայացրել, հարցը առաջվա պես բաց է մնում, այն առկախված է:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցը, որը նախեւառաջ ճանաչողական էր, հնարավորություն էր, որպեսզի կողմերը կարողանան ճշգրտել երկկողմ օրակարգը, համագործակցության նոր հնարավորություններ նախանշեն:
Պետք է հավելել նաեւ հայ-վրացական հարաբերություններում Արցախին վերաբերող թեման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի վարչապետը Երեւան ժամանեց Բաքու այցելությունից հետո, ըստ ամենայնի, նա նաեւ նպատակ ուներ ճշգրտել Բաքվի եւ Երեւանի տեսլականները հակամարտության կարգավորման գործընթացում: Անկայունությունը տարածաշրջանում պաշտոնական Թբիլիսիի համար ամենաանցանկալի ու անընդունելի իրավիճակն է:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 22.10.2019