Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր տարիքից սկսել խնամել երեխայի ատամները և ե՞րբ օգտագործել ատամի մածուկ

Հոկտեմբեր 22,2019 23:13

«Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքին հետևող շատ ծնողների հետաքրքրում է, թե ինչպես և որ տարիքից կարելի է խնամել երեխաների ատամները:

Այդ պատճառով այս անգամ Aravot.am-ի «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի հերթական հոդվածի թեման երեխաների ատամների խնամքն է:

Aravot.am-ի հետ զրույցում «Ֆրանս մեդ» բժշկական կենտրոնի ատամնաբույժ Նարինե Միրզոյանը պատասխանեց ծնողներին հետաքրքրող մի շարք հարցերի՝ նրանց տալով խորհուրդներ:

Հարցին՝ ո՞ր տարիքից կարելի է խնամել երեխայի ատամները, ատամնաբույժը պատասխանեց. «Ատամների խնամք ասելով՝ հասկանում ենք բերանի խոռոչի հիգիենան: Ցանկալի է , որ խնամքը սկսի հենց առաջին կաթնատամների ծկթման ժամանակ: Այսինքն, երբ ծկթում են առաջին կաթնատամները՝ ներքևի կտրիչները, մատին հարմարեցվող խոզանակներ կան, որ առանց ատամնամածուկի օգտագործման ատամի վրայից առավոտյան և երեկոյան պետք է խոզանակով ատամի մակերեսի վրայով անցնել, որ ոչ մի փառ չհավաքվի: Իսկ դրանից առաջ, երբ անգամ ընդհանրապես  կաթնատամներ չկան, այդ ժամանակ էլ լնդերը պետք է խնամել: Կրծքի կաթն էլ պարունակում է բնական քաղցր, ուստի պետք է մաքուր թանզիվը փաթաթել մատի վրա և անցնել երեխայի լնդերի վրայով: Երեխաները փոքր ժամանակ հոտով են զգում, բերանով շոշափում, իրենց մոտ հենց այդ բնազդը պետք է զարգացնել, որ իրենք հարմարվեն այն միջամտությանը, որ ինչ-որ մեկն իրենց բերանի խոռոչում կարող է միջամտություն անել: Դա հոգեբանորեն էլ խորն իմաստ ունի երեխայի համար, քանի որ ի ծնե մենք հոգեբանորեն նրան դաստիարակում ենք, որ իրենք ադապտացվեն և ավելի ուշադիր լինեն իրենց խնամքի նկատմամբ: Նաև բժշկական առումով է դա ճիշտ, որ հետագայում էլ փառ չկուտակվի ատամի վրա, կարիես չառաջանա, և հետագայում ծկթող ատամներին էլ չվնասի»:

Մեր շարքին հետևող ծնողների մյուս՝ ամենաշատ հետաքրքրող հարցերին է այն, թե ատամի մածուկով ո՞ր տարիքից կարելի է լվալ երեխայի ատամները: Ատամնաբույժը պատասխանեց. «Ատամի մածուկով կարող եք սկսել մաքրել, երբ երեխան երկուսից ավելի ատամներ ունի: Երբ երեխան չի կարողանում թքել, այդ ֆունկցիան  չի կարողանում կատարել, պետք է օգտագործել ֆտոր չպարունակող ատամի մածուկներ, որ ֆտորը երեխան կուլ չտա, քանի որ շատ քանակով ֆտորը նաև տոքսիկ է օրգանիզմի համար»:

Նարինե Միրզոյանն ասաց, որ 2-3 տարեկանից, երբ երեխան կարողանում է ողողել ու թքել, կարելի է օգտագործել ֆտոր պարունակող մածուկներ. «Ֆտորն ամենաուժող հակակարիեսային տարրն է: Շատ կարևոր է ատամնամածուկի քանակը: Ծնողներն ու երեխաները սիրում են ամբողջ խոզանակի մակերեսով շատ մածուկ օգտագործել, ինչը վնասակար է: Պետք է թեթև շերտով ուղղակի խոզանակի մակերեսի վրա մածուկ քսել: Արդյունավետ  մաքրելու համար պետք է կիրառել ատամի մածուկի հետևյալ չափաբաժինը. 3-6 տարեկանում այսպես ասած բրնձի հատիկի չափով, դրանից բարձր տարիքի երեխաների ատամները լվալիս մածուկը քսել ոլոռի չափով»:

Ծնողներին հուզող մյուս հարցն այն է՝ արդյոք կարելի՞ է երեխային շոկոլադ տալ, այն վնասակար չէ՞ ատամների համար: Մասնագետը պատասխանեց. «Մինչև 3-4 տարեկանը երեխան չպետք է իմանա՝ քաղցրն ինչ է: Կարիեսի առաջացման առաջին պատճառը քաղցրն է: Չէ՞ որ մենք ենք երեխաներին սովորեցնում համերը, մենք ենք աղ լցնում ճաշի մեջ, քաղցրին սովորեցնում….»:

Վերջին շրջանում շատ են գանգատները, որ երեխաների կաթնատամներն ընկնում են, սակայն նոր ատամ այդպես էլ չի ծկթում: Ատամնաբույժից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը և արդյոք մե՞ծ տարածում ունի այդ խնդիրը: Նա պատասխանեց. «Սա բազմապատճառային խնդիր է. ամեն պացիենտի մոտ յուրահատուկ է: Կարող է լինել վաղաժամկետ կաթնատամային կորուստ, ինչի պատճառը կարիեսն է, իսկ բուժում չենք կարող անել. պետք է կաթնատամը հեռացնենք: Եթե հեռացվում է կաթնատամը չորս տարեկանում, իսկ հիմնական ատամը պետք է ծկթի ութ տարեկանում, ծնողներն անհանգստանում են՝ ինչու ատամ դուրս չի գալիս: Դա կապված է վաղաժամ հեռացման հետ, ինչի դեպքում արդեն օրթոդոտիկ միջամտություններով փորձում ենք ատամի տեղը պահել, որ ատամն իր ժամանակին ծկթի ատամնաշարի մեջ»:

Ըստ մասնագետի՝ մյուս պատճառը կապված է գենետիկայի, երեխայի աճի, զարգացման, էնդոկրինոլոգիական խնդիրների հետ, որոնք կարող են համակցված լինել. «Այդ դեպքում ուղարկում ենք հետազոտության, հասկանանք՝ կալցիի, D վիտամինի դեֆիցիտ չունե՞նք, որը դանդաղեցնում է ատամնային աճը»:

Երբեմն լինում են դեպքեր, երբ կաթնատամը ժամանակին ընկնում է, սակայն հիմնական ատամի ծիլ չկա երեխայի լնդում: Սա ի՞նչ խնդիր է և կաթնատամի ընկելուց հետո, եթե հիմնական ատամը չի ծկթում, քանի՞ ամիս ծնողը սպասի, հետո դիմի ատամնաբույժի: Նարինե Միրզոյանն այս առիթով ասաց. «Դրանք կոչվում են գենային մուտացիաներ, որոնք գնալով տոկոսային հարաբերակցությամբ ավելի են շատացել: Դա կապված է, թե հղիության ընթացքը մայրը ոնց է տարել, արդյոք հիվա՞նդ է եղել: Նման դեպքերում կաթնատամների հետ ենք խնդիր ունենում, երբ սաղմը չկա: Ինֆեկցոն հիվանդությունների ֆոնի վրա կարող է լինել, որ սաղմի ձևավորման ընթացքում այդ ինֆեկցիաները քայքայել են սաղմը, և այն չի հասցրել մինչև վերջ ձևավորվել: Կամ էլ պատճառը կարիեսի բարդություններն են, ինչը թթվային միջավայր է ստեղծում, որը, նստելով նոր ձևավորվող ատամնասաղմի ֆոլիկուլի՝ պարկի վրա, որի մեջ պաշտպանում են մշտական ատամը, քայքայում է ենթաթաղանթը, ու թթվային միջավայրը ոչնչացնում է սաղմը: Ատամների բորբոքումը թթվային միջավայր է ստեղծում հարարմատային շրջանում և կարող է բերել մշտական ատամնասաղմի ամբողջական քայքայման:

Երրորդ պատճառը գենային մուտացիաներն են, որը կարող է ոչ միայն ծնողներից փոխանցվել, այլ անգամ ծնողների տատիկ պապիկներից»:

Ատամնաբույժը խորհուրդ տվեց ՝տարին երկու անգամ երեխային տանել ստոմատոլոգի կոնսուլտացիայի. «Եթե կաթնատամի ընկնելուց հետո հիմնական ատամը կես տարվա ընթացքում չի ծկթում, պարտադիր պետք է մասնագետի դիմել: Իսկ երբ կանխարգելիչ նպատակներով երեխային տարեկան երկու անգամ տանեն ստոմատոլոգի կոնսուլտացիայի, այդ դեպքում բժիշկը պրոֆիլակտիկ ռենտգեններ անելուց ծնողին պետք է նախազգուշացնի, որ այսպիսի խնդիր ունի երեխան, և չպետք է սպասել երբեմն, որ ատամն ընկնի, այլ փորձել կաթնատամի կյանքը երկարացնել, որ չխանգարի ծնոտի ձևավորմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031