Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հյուրատների բում Գյումրիում․ այն սկսել է ազատվել աղքատ քաղաքի կերպարից

Հոկտեմբեր 22,2019 23:01

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը, որը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ հիմնել է «Գյումրի-20/25» նախաձեռնություն/հիմնադրամը՝ նպատակ ունենալով Գյումրիում հիմնել իր տեսակով եզակի թանգարաններ՝ հայկական լուսանկարչական արվեստի թանգարան, սպորտի թանգարան, գիտահետազոտական ու զբոսաշրջիկների աջակցման կենտրոններ, այս քաղաքը դարձնել զբոսաշրջային յուրօրինակ վայր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ինձ թվում է Գյումրին փոխելու գործընթացն արդեն սկսվել է, սակայն վերջնականապես աղքատ, թշվառ, անօթևան քաղաքի բրենդավորումից ազատվելու համար բավականին երկար տարիներ կպահանջվի թե՛ արտաքին ընկալման առումով, թե՛ ներսում մարդկանց հոգեբանությունը փոխելու առումով։

Հիմա շատ պարզ օրինակ բերեմ․ Գյումրիի վրա ուշադրություն կենտրոնացնելուց հետո՝ հատկապես մայրաքաղաքի պաշտոնյաների կողմից, Գյումրիում անշարժ գույքի շուկան բավականին ակտիվացավ, նամանավանդ կենտրոնում։ Ու գյումրեցիներից շատերը, որոնք պապական սեփականատերեր են, շտապում են ազատվել այդ շինություններից լավ գումարներ ձեռք բերելու համար։ Բնական է, հասկանալի է, մարդիկ ուզում են գումար աշխատել, բայց մյուս կողմից դեռևս մարդկանց չի մոտիվացնում, իրենք էլ իրենց ձևով չեն ակտիվանում՝ քաղաքի շատացող հյուրերին ինչ-որ բան առաջարկեն։

Հիմա տեսեք, հյուրատների բում է, անընդհատ հյուրատներ են բացվում, շատ դեպքերում դրանք դրսից են գնվում, սարքվում են։ Մարդկանց մտքով չի անցնում, որ կարելի է չվաճառել տունը ու սարքել հյուրատուն կամ փոքրիկ սրճարաններ, հացաբուլկեղենի արտադրամասեր, այսինքն` ինչ-որ բանով առանձնանալ և առաջարկել։ Դա այն հոգեբանության հետևանքն է, որ Գյումրին աղքատ է, իրենք չեն կարող անել, ամենալավ պահն է․ տները թանկացել են, անհրաժեշտ է անպայման դրանից ազատվել, գումարը վերցնել ու չգիտեմ՝ այլ բաներով զբաղվել։

Քաղաքին պետք է տալ փոփոխության հոգեբանական կայծը, որ մարդիկ հասկանան՝ նաև իրենք են պատմամշակութային ժառանգությունը շենքերից բացի, շենքերը հասկանալի են, բայց այդ շենքերը զարդարողը հենց մարդիկ են։ Այդ մարդկանց պետք է ակտիվացնել , ազատել աղքատության օղակ, շղթա ասենք, աղքատ մտածողությունից, բայց դա հենց այնպես խոսելով, տարբեր հայտարարություններով չէ։ Դա կոնկրետ աշխատանք է և նմանատիպ ծրագրեր ինչքան շատ, այնքան լավ։

Այսինքն` ինչքան շատ լինեն այսպիսի ծրագրեր, հիմնադրամներ, նախաձեռնություններ և այլն, իրենք դեռևս իրար հետ չեն մրցակցում, միմյանց օգնում են, որովհետև մրցակցելուն շատ կա,ամեն մեկն իր մասով գեներացնում է ինչ-որ հոսքեր, եթե հոսք կա քաղաք, այդ հոսքից օգտվում է ոչ միայն տվյալ կազմակերպությունն, այլ նաև կողքինը։ Դեռևս մրցակցելուն շատ ժամանակ կա այդ առումով, մարդկանց պետք է ցույց տաս, որ բացվում են նոր աշխատատեղեր, քեզ համար նոր հնարավորություններ են բացվում, Երևան կամ արտասահման գնալու փոխարեն մնա քո քաղաքում, ինչ-որ բանով զբաղվի։ Այսինքն` հոգեբանորեն այդ մարդուն տրամադրում ես քաղաքում մնալու, ստեղծագործելու, աշխատելու և, ի վերջո, ասենք մեկուսացումից դուրս գալու։

Տարիներ առաջ Գյումրին մեկուսացված էր համարվում, մարդ չէր գալիս, կտրված էին համարում իրենց աշխարհից, բայց հիմա, փառք Աստծո, այդ շարժը կա, շաբաթ-կիրակի օրերը կարելի է քաղաքում մեծ ակտիվություն տեսնել, բայց մեծ ասվածը համեմատաբար է մեծ, դեռևս շատ-շատ փոքր են այդ հոսքերը, պետք են նախաձեռնություններ տարբեր ֆորմատներով, կազմակերպություններ, որոնք հիմնադրամ կամ կոմերցիոն կազմակերպություններ կլինեն և կգեներացնեն հոսքեր դեպի Գյումրի»։

Ըստ Դերենիկ Մալխասյանի, քաղաքը ևս պատրաստ պետք է լինի այդ հոսքերն ընդունելուն, և ոչ միայն մարդկանց, այլ նաև պետական իշխանությունների մակարդակով։

«Օրինակ՝ շատ պարզունակ բան պիտի ասեմ, զուգարանների պրոբլեմ կա տուրիստների համար։ Կարծում եմ դա ունենալը մեծ բան չէ, պիտի ցանկանալ, որ ունենաս, ենթակառուցվածքներ, որ զբոսաշրջիկն իրեն հարմարավետ զգա Գյումրի քաղաքում ։ Սպասարկման ոլորտում հսկայական աշխատանք կա, դա մեկ կազմակերպության անելիքը չէ, դա պահանջում է կոլեկտիվ ջանքեր, կազմակերպում․ ինչ-որ մասնավոր անհատ հնարավորություն չունի այդ ամենը կազմակերպելու, պետք են հարթակներ նաև պետության կողմից գեներացվող։

Մենք հիմա փորձում ենք այսպես ցուցակագրել այն խնդիրները, որոնք Գյումրին, Շիրակի մարզն ունի, ցուցադրել այն հնարավորությունը, պոտենցիալը, որն ունի Շիրակի մարզը տուրիզմի հետ կապված։ Առաջարկել պետական մարմիններին խնդիրների լուծումներ տարբերակներով՝ մոդելավորելով այդ ամենը։ Դա մեր կողմից ներդրում է քաղաքի, մարզի զարգացման գոնե տեսլականի կազմման առումով։

Ի վերջո, իրենք կարող են ամեն բան չնկատել, կողքից նկատում են այդ ամենը, ինչը պետք է ցուցակագրել, համակարգել, խմբագրել ու ներկայացնել, նաև այդ ուղղությամբ ենք մենք աշխատանքներ տանում, թե ենթադրենք ինչն է խանգարում տուրիստին հարմարավետ զգալու համար մեր քաղաքում։

Այսինքն՝ տուրիստական կոմպոնենտի ակտիվացման շնորհիվ Գյումրի քաղաքը ինչ-որ չափով ազատել թշվառ, աղքատ, անօթևան քաղաքի կերպարից։ Մարդկանց վրա էլ է դա վատ ազդեցություն ունենում, անընդհատ խոսել տնակների, անօթևանության մասին, կա այդ պրոբլեմը, բայց, ի վերջո, զարգացմամբ կարող ենք ազատվել այդ խնդիրներից»,-ասում է Դերենիկ Մալխասյանը։

Լուսանկարներից գլխավորը՝ Humans of Gyumri էջից, մյուսները՝ Դերենիկ Մալխասյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031