Aravot.am-ը տեղեկացրել էր սեպտեմբերի 6-ից մեկնարկած Երեւան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված ProfEye Challenge նախագծի մասին: Այն դիզայներների, ճարտարապետների եւ ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց համարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։
ProfEye Challenge-ի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր» մասնակիցները մշակել եւ առաջարկել էին Երեւանի կոլորիտային եւ պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի վերականգնման նախագծեր: Այժմ արդեն ProfEye Challenge արշավի առաջին մարտահրավերի հաղթողները հայտնի են: 14 նախագծերից 5-ը հաղթող է ճանաչվել, որից 3-ը առցանց քվեարկության արդյունքում:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց SPRING PR ընկերության Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Սաֆարյանը, հաղթող նախագծերի հեղինակները նոյեմբերի 4-8-ը կմեկնեն Սալոնիկ փորձի փոխանակման եւ վերապատրաստման համար, նաեւ նրանց հնարավորություն կստեղծվի շփվել Եվրոպայի առաջատար ճարտարապետների հետ:
Կարդացեք նաև
ProfEye Challenge արշավի նախաձեռնող «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով բոլոր տարբերակները միմյանցից տարբեր էին ու հետաքրքիր: Նա հատկապես առանձնացրեց այն նախագծերը, որոնցում պահպանված էր Մամուլի շենքի դիմագիծը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ