2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը:
2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020թ. հունվարի 1-ից հատելուն: Այս պարագայում, ավտոմեքենաների համար մաքսատուրքերը և հարկերը կհաշվարկվեն մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:
Գործող օրենսդրության շրջանակներում, սակայն, ՊԵԿ-ը իրազեկում է նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:
Ի՞նչ է նախնական մաքսային հայտարարագրումը:
Կարդացեք նաև
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է Միության մաքսային տարածք դրանց ներմուծումից հետո: Հետևաբար նախնական մաքսային հայտարարագրման հնարավորությունը գործող օրենսդրությամբ կիրառելի է ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների մաքսային ընթացակարգերով ձևակերպման դեպքերում: Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ ավտոմեքենաները պետք է հայտարարագրվեն ոչ թե անձնական օգտագործման ապրանքների համար նախատեսված ընթացակարգով՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ, այլ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ ապրանքային հայտարարագրի կիրառմամբ:
Քանի որ խոսքը վերաբերում է մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպմանը, ապա ավտոմեքենայի համար արժեքն այդ դեպքում որոշվելու է ոչ թե ըստ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի, որով արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության համար կատարված ծախսերը, այլ համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի. այն է՝ մաքսային արժեքի մեջ ներառվում են ինչպես փոխադրման և ապահովագրության, այնպես էլ նույն գլխով սահմանված այլ ծախսերը:
Այսպես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նախնական մաքսային հայտարարագրման շրջանակներում մաքսային հայտարարագրում կարող են չնշվել նույն կետով նախատեսված այն տեղեկությունները, որոնք իրենց բնույթով կարող են հայտնի չլինել հայտարարատուին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին:
Համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի՝ նախնական մաքսային հայտարարագիրը թույլ կտա ավտոմեքենայի փաստացի ներմուծումից 30 օրացուցային օր առաջ ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիրը և այդ ժամկետում ավտոմեքենայի ներմուծման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:
Մաքսային մարմինը կարող է մերժել է ավտոմեքենայի բացթողումը, եթե մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում.
- ավտոմեքենան չի տեղակայվել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտի,
- մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմինը չի ծանուցվել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտի ավտոմեքենայի տեղակայման մասին,
- մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունների վերաբերյալ փոփոխություններ (լրացումներ) կատարելու եղանակով պակասող տեղեկատվությունը չի ներկայացվել մաքսային մարմնին, կամ մաքսային մարմինը չի ծանուցվել այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ:
Կարևոր է իմանալ, որ եթե ավտոմեքենայի ներմուծման համար նախնական մաքսային հայտարարագիրը գրանցվի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ և բացակայեն նախնական մաքսային հայտարարագիրը մերժելու հիմքերը, ապա ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն 2019 թվականին գործող դրույքաչափերով: Օրենսգրքով սահմանված պահանջները չկատարվելու դեպքում՝ մաքսային մարմինը կմերժի ավտոմեքենայի բացթողումը, կգրանցվի նոր մաքսային հայտարարագիր և ներմուծման մաքսատուրքն ու ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն 2020 թ. հունվարից 1-ից սկսած գործող դրույքաչափերով:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ նմանօրինակ եղանակով մաքսային ձևակերպումները կատարելու հնարավորությունը թողնված է քաղաքացու՝ հայտարարատուի ընտրությանը: Նախնական մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին պետք է ներկայացվի ինքնահայտարարագրման կամ մաքսային ներկայացուցչի կողմից:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին