«Հանցավորության աճի միտումները հիմնականում օբյեկտիվ են»,-«Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» հանրային քննարկմանը հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Քննարկման նպատակն է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության երկխոսության միջոցով ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները և հանրային ընկալման մեջ ոստիկանության դերի բարձրացման ուղղությունները։ Այն կազմակերպվում է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություններ միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից՝ նպատակ ունենալով հանրությանը իրազեկել կարևոր բարեփոխումների մասին և հասարակության առաջարկները փոխանցել քաղաքականություն մշակող պետական կառույցներին։
Ըստ փոխոստիկանապետի՝ պիտի փոխեն իրենց գործողությունները. «Ոստիկանության՝ հանցավորության բացահայտման հետքերով որպես արձագանքող ուժ գործառույթի ապահովումից պիտի անցնել կանխարգելման: Երկու լրջագույն ինստիտուտների փոփոխություն ենք առաջակում՝ 24-ժամյա պարեկային ծառայություն ՀՀ ողջ տարածքում, և ոստիկանությանն իրավունք վերապահել համապատասխան ազգային ծրագրեր մշակել հանցավորության կանխարգելման հարցով»:
Կարդացեք նաև
Հովհաննես Քոչարյանը մտահոգություն հայտնեց, որ անբավարար է գյուղական համայնքներում ոստիկանության ներգրավվածությունը: Խոսելով Օպերատիվ կառավարման կենտրոնի անհրաժեշտության մասին՝ Հովհաննես Քոչարյանն ասաց. «Առաջին անգամ հեղափոխությունից հետո կառավարության ջանքերով հաջողվեց Համաշխարհային բանկի ֆինանսավորումը ստանալ և կնքվեց պայմանագիր, ու նախատեսվում է ունենալ ենթակառուցվածք իրավախախտումների և պատահարների վերաբերյալ, որ հաղորդում ընդունի մեկ միասնական օպերատոր»:
«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ տեսնում են հասարակության մոտ որոշակի փոփոխություն ոստիկանության համակարգի նկատմամբ. «Վերջին մեկ տարվա զարգացումները մեր երկրում քաղհասարակության լայն խմբի մոտ առաջ էին քաշել հայտարարված բարեփոխումների վերաբերյալ այն մոտեցումը, որ վերջին տարիների ընթացքում տարբեր ինստիտուտներ՝ մեր պետության և մեզ համար շատ կարևոր, իրենք իրենց գործառույթների և գաղափարական, առաքելության տեսակետից օգտագործվել էին իշխանական ուժերի կողմից անձնական կամ կուսակցական նպատակների համար: Այս փոփոխությունները կարևոր հնարավորություն են ստեղծում, որ ապահովվի այդ ինստիտուտների վերադարձը հասարակությանը»:
Բայց մյուս կողմից անդրադառնալով օրերս կատարված 38-ամյա ոստիկանի սպանությանը՝Դավիթ Ամիրյանը կարծիք հայտնեց. «Ցանկացած ոստիկանի հետ նման ողբերգական դեպքերը և վշտակցելու, ցավակցելու, միաժամանակ նաև խորհելու ու մտածելու տեղիք են տալիս, թե ինչ արմատական աշխատանքներ պիտի կատարվեն, որ նման բաները չկրկնվեն»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով ոստիկանի սպանությանն՝ ասաց. «Չէի կարողանում որևէ կերպ արձագանքել, քանի որ շատ շոկային էր իրավիճակը: Խոսքերը զուտ ցավակցական ասել բավարար չեն, շատ հարցեր են առաջ գալիս, թե ինչու պիտի նման իրավիճակ լինի հիմա: Մարդ, որ կատարում է իր պարտականությունը հասարակական կարգի ապահովման համար և զոհ է գնում, դա ամենածանր հարվածն է իրավական համակարգին»:
Քննարկման ընթացքում տարբեր բանախոսներ հանդես եկան ելույթներով և զեկուցումներով:
«Կանանց աջակցման կենտրոն»-ի գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանի ելույթի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ. Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը վրդովվեց, դժգոհեց, Հովհաննես Քոչարյանին բանտիկով մի տուփ ձու նվիրեց և լքեց դահլիճը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ