Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Արման Բաբաջանյանն անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի արյունալի իրադարձությանը, որի տարելիցը կլրանա մի քանի օր անց. «20 տարի առաջ մի խումբ ստահակներ հենց այս դահիճում գնդակահարեցին ՀՀ ընտրված ղեկավարությանը, այն ղեկավարությանը, որը վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ Հայաստանի զարգացման իրական հույս էր արթնացրել մեր հասարակության մեջ: 20 տարի առաջ՝ Հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց այդ հույսը, գնդակահարվեց Հայաստանի զարգացումը, 20 տարի առաջ գնդակահարվեց Հայաստան պետությունը»:
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, պատգամավորի խոսքով, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական լրջագույն ազդեցություն է ունեցել, որոնք չեն հաղթահարվել այս 20 տարիներին, որովհետեւ ոճրագործությունը չի բացահայտվել իրականում. «Չեն բացահայտվել ու պատասխանատվության չեն ենթարկվել պետության դեմ ուղղված այդ ակտի ներքին ու արտաքին կազմակերպիչներն ու պատվիրատուները, իսկ առանց դրա չի կարող խոսք լինել Հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտման մասին: 99-ի հոկտեմբերի 27-ը ակտ էր, որն առաջին հերթին ուղղված էր ՀՀ անկախության ու ինքնիշխանության դեմ»:
Բաբաջանյանն ասաց, որ քաղաքական պարտք կա Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի առաջ՝ իշխանություն, թե ընդդիմություն լինելով՝ պետք է այնպիսի պետություն կառուցենք, որի մասին երազում էին Հոկտեմբերի 27-ի զոհերը:
Նա ափսոսանք հայտնեց, որ քաղաքական օրակարգում այսօր չկա Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցը, բայց նոր իշխանությունները պարտավոր են համարժեք քաղաքական կամք ու հանձնառություն ստանձնել՝ ձեռնամուխ լինելու Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտմանը. «Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիների կողմից, այդ թշնամիները ոճրագործությունից 20 տարի անց էլ բացահայտված չեն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի դեմ ուղղված այդ թշնամական գործողությունը կարող է կրկնվել ցանկացած պահի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ