Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես լիահույս եմ, որ էդ հարցը Что? Где? Когда?-ում երբեք չեն հնչեցնի, դուք կրկին սխալ պատասխան կտաք ու կպարտվեք». Սիսակ Գաբրիելյանը՝ Արման Աբովյանին

Հոկտեմբեր 22,2019 17:43

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր բուռն քննարկում ծավալվեց ԱԺ-ում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը դեմ է նախագծին, բայց կողմ է քվեարկելու. «Ներկայիս իրավիճակից սա լրացուցիչ բարելավում է»: Թե ինչու է դեմ՝ նա ասաց, որ չի կիսում Սիսակ Գաբրիելյանի այսպես ասած հանդուրժողականությունը. «Եթե լինում է բուռն քննարկում, ելույթներ, բայց հակափաստարկների բովանդակությունը ձեզ չի համոզում, ես դեմ եմ, որ լինի որոշակի կոմպրոմիս՝ զուտ այն բանի համար, որ բուռն էին քննարկումները, մամուլի հրապարակումները եւ բարձր տոնով ելույթները: Ո՞ր մասով են ձեզ համոզել փաստարկները, ոչ թե դրանց տոնայնության բարձրությունը, որ դուք որոշել եք այս փոփոխությունները նախատեսել: Եթե մարդը վարչական իրավախախտում չի անում, իրեն հնարավոր չի հետապնդել: Բարձրացված մտահոգությունները ինձ չեն համոզում, որ պետք է նախագծում փոփոխություն անել»:

Միրզոյանը համաձայնեց Սուրեն Գրիգորյանի հետ. «Ես կիսում եմ ձեր դիրքորոշումը»:

«Իմ քայլի» եւս երկու պատգամավոր դեմ էր նախագծում նոր փոփոխություններին: Արտակ Մանուկյանն ասաց, որ այդ փոփոխություններն ավելի շատ հարցեր են առաջացնում:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի դիրքորոշումն էր խնդրահարույց. «Ինձ մոտ տպավորություն է, որ այն մարդիկ, ովքեր այս օրինագծի համար այսպես համառ պայքարում են, իրենք ապրում են կամ Նյու Յորքում, կամ Լոնդոնում եւ ծանոթ չեն ՀՀ ճանապարհներին տիրող իրավիճակին: ՀՀ ճանապարհների մոտ 80 տոկոսը ոչ բարվոք վիճակում է, նույնիսկ գծանշված չէ: Երկրորդը՝ Երեւանում լուծված չէ էլեմենտար կայանատեղիների խնդիրը, տեղ չկա: Քաղաքացիները, որոնք հեռախոսներով նկարելու են խախտումները, իրենք հարցը չեն լուծի, կայանատեղիները չեն ավելացվի, կավելացվի տուգանքների քանակը»: Դիմելով Սուրեն Գրիգորյանին՝ նա ասաց. «Ես չգիտեմ, դուք մեքենա վարո՞ւմ եք: Եթե վարեք, հավատացնում եմ, օրը մեկ անգամ խախտում կանեք, հնարավոր չի չանեք, չի լինի: 840 տեսախցիկ է, նախագծի արդյունքում կամերաները կավելանան, ասենք, 500 հազարով եւ տուգանքի բեռը պառկելու է ՀՀ քաղաքացու վրա՝ այն դեպքում, երբ պետությունը առայժմ չի լուծել իր հասանելիք պարտքը վարորդի հանդեպ»:

Սուրեն Գրիգորյանը, «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց. «Որ ասում եք՝ վարորդներին կհետապնդեն, կնկարեն, մի հատ ինձ բացատրեք, էլի, ո՞նց է լինելու: Օրինակ բերեմ, մեր շենքում բոլորն ինձնից զզվում են, ես էլ ավտո եմ քշում, հիմա նստում եմ ղեկին, քշում եմ, սաղ շենքի բնակիչները հետեւիցս գալիս են, որ տեսնեն ես երբ եմ խախտում անելու, որ ֆիքսեն: Հիմա եթե ես խախտում չանեմ մի օր, երկու օր, երկու շաբաթ, ո՞նց են ինձ հետապնդելու: Ասում եք պետությունը չի ապահովել ճանապարհով, խախտում են անում, նույն տրամաբանությամբ կարող եք ասել՝ չեք կերակրել մարդուն, գնաց գողություն արեց: Եթե իրավախախտում ես անում, պետք է պատասխանատվության ենթարկվես: Հո մահապատիժ չի, տուգանք է: Անհնա՞ր է առանց խախտում քշել: Ես լիքը վարորդներ եմ ճանաչում, ովքեր կարողանում են քշել ու խախտում չանել: Քրիստինե Պողոսյանը մեքենա քշում է, կգա, կհամոզի, որ հնարավոր է խախտում չանել սեփական օրինակով»:

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ եկավ ու սկսեց համոզել. «Խախտում չեմ անում ընդհանրապես ու հնարավոր է մեքենա վարել՝ առանց խախտումների»: Նա ասաց, որ երրորդ գծից մտնում են աջ, 100 արագություն են բացում, բոլորը պետք է պատժվեն, որովհետեւ մարդկանց կյանքն է կախված դրանից ու ենթամշակույթը պետք է դուրս գա մեր բառապաշարից ու ԱԺ-ից:

Առավել կոշտ էր Արման Աբովյանին ուղղված Սիսակ Գաբրիելյանի պատասխանը. «Դուք ասացիք, որ ՀՀ ճանապարհների մոտ 80 տոկոսը ոչ բարվոք վիճակում է: Ես լիահույս եմ, որ էդ հարցը Что? Где? Когда?-ում երբեք չեն հնչեցնի, որովհետեւ դուք կրկին սխալ պատասխան կտաք ու կպարտվեք, որովհետեւ 80 տոկոս չկա: Աբովյան քաղաքում գիտե՞ք ինչքան են վատ ճանապարհները, գոնե գիտե՞ք մեր նախագծի քննարկման ժամանակ ձեր աջակցությունը վայելող քաղաքապետն ինչ գրություն է ուղարկել ոստիկանություն: Չգիտեք: Ասեմ իմանաք՝ ոստիկանությանը խնդրել է, որ Աբովյան քաղաքում տեսախցիկներ տեղադրեն, որ իր քաղաքի կարգազանց վարորդները տուգանվեն: Կարդացի ու հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, որ Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու»:

«Էդ ի՞նչ կապ ունի», – արձագանքեց Աբովյանը՝ դահլիճից: Սիսակ Գաբրիելյանն էլ բացատրեց՝ «Էն կապ ունի, որ այնտեղ վատ ճանապարհներ են, բայց քաղաքապետն է խնդրում, որ արագաչափ ու տեսախցիկ տեղադրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031