Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատյանը բողոքեց՝ 4 պտույտ է արել ԱԺ շենքի մոտ, խախտումով մեքենան կանգնեցրել, Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց՝ «Պարտադիր չի ձեր խմբակցության դեմը բերեք մեքենան կանգնացնեք»

Հոկտեմբեր 22,2019 17:15

Այսօր ԱԺ նիստում ուշագրավ քննարկում ծավալվեց, երբ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում: Այս նախագիծը բազմաթիվ քննադատությունների էր արժանացել: Նախագծով սահմանվում է, որ քաղաքացիները, օրինակ, կարող են տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտում, և դա կարող է հիմք դառնալ, որպեսզի խախտում կատարող քաղաքացին տուգանվի: Այս պատճառով որոշ պատգամավորներ օրինագծի հեղինակներին մեղադրեցին, թե քաղաքացիներին դրդում են «գործ տալ»:

Այսօր նիստում Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի առաջարկներն ընդունել են, փորձել են հնարավորինս «գործ տալու» այդ ինստիտուտի հետ կապված մտահոգությունները վերացնել. «Սահմանափակվել է, թե հատկապես որ խախտումների դեպքում կարելի է ուղարկել էլեկտրոնային հաղորդում»: Նա ասաց, որ նեղ բակային տարածքներ կան, որ երբ առանձնատան դիմաց փորձում ես քո դարպասի մոտ կանգնեցնել մեքենան, ինչ-որ չափով հետիոտնային անցումին ես հատում: Ողջամտությունն է հաշվի առնվելու եւ այսպես ասած ամեն «սուտի» խախտման համար համակարգը չեն ծանրաբեռնելու: Օրենքը առաջնահերթ կգործի Երեւան քաղաքում եւ միջպետական ճանապարհների դեպքում:

«Այ հիմա նորմալ, բարոյական օրենք է»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԲՀԿ պատգամավորները պնդում էին, թե Հայաստանում առանց խախտում անելու հնարավոր չի մեքենա վարել: Սերգեյ Բագրատյանը պատմեց իր խախտումների մասին. «Երեկ եկել եմ, ԱԺ շենքի մոտ 4 անգամ պտտվել եմ, որ մի տեղ կանգնեմ: Պահի տակ ազատվեց, տեղավորվեցի, անպայման մի գիծ տրորել եմ: Եթե էդ պահին մեկը նկարեց, իմ 4 ժամվա աշխատանքը չի երեւում, որ ես 4 անգամ պտտվել եմ, ասեմ՝ այ ընկեր, ես ի՞նչ անեմ, աշխատանքից ուշանում եմ»: Նա վստահեցրեց, որ վարորդը կարող է խախտում անի, բայց ոչ չարամտորեն:

«Իմ քայլական» Վլադիմիր Վարդանյանը հորդորեց երեկոյան Սարյան փողոցում նստել ու տեսնել, թե ոնց են որոշ անձինք չարամտորեն խախտում երթեւեկության կանոնները: Արման Աբովյանը վստահեցրեց, որ այս օրենքի արդյունքում տուժելու են բոլորը, որովհետեւ առանց խախտում անելու՝ հնարավոր չէ մեքենա վարել:

Սիսակ Գաբրիելյանն էլ Բագրատյանին հակադարձեց. «Այսօր ես 4 քվեարկության բացակայել եմ նրա համար, որ տեղ չկար, գնացել եմ հեռու եմ կանգնել ու ոտքով եմ եկել: Ես չեմ կանգնել երկրորդ գիծ, գուցե քվեարկություններից շատ բացակայեմ, մանդատից էլ զրկվեմ, չեմ մտածի, ես չեմ խախտում անի, գնացել եմ, հեռու եմ կանգնել, եկել եմ, որ նորմալ կանգնեմ: Տեղ կա՛ կանգնելու: Ես եւ օրենքի համահեղինակ Փամբուխչյանը երբեմն գնում ենք «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ կանգնում ենք, մետրոյով գալիս ենք այստեղ իջնում ենք: Պարտադիր չի, որ անմիջապես ձեր խմբակցության դեմը բերեք մեքենան կանգնացնեք, կա տեղ, որ ուզենաք՝ կգտնեք»:

Քննարկման մանրամասները՝ հաջորդիվ

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031