«Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովին մասնակցել է նաեւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են արծարծվել, եւ ինչ տպավորություն է ստացել այդ աշխատաժողովից:
«Ամենակարեւորը, որին անդրադարձավ նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այն սկզբունքն է, որ յուրաքանչյուր հարց բարձրացնելուց եւ որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ: Մենք ստեղծել ենք տնօրենների խորհուրդ, եւ Գնումների մասին օրենքի հետ կապված արդեն կան որոշակի փոփոխություններ: Հետաքրքիր, արդյունավետ քննարկումներ եղան, չէի ասի, որ շատ հարթ անցավ, բայց լավ իմաստով աշխատանքային ու բանավիճային էին քննարկումները»,-ասաց պարոն Բաբայանը:
Հավելեց, որ մասնակիցները ցանկություն են հայտնել, որ հանդիպումները շարունակական լինեն, ու շեշտադրվել է այն համոզումը, որ միմյանց առաջ թշնամական ճամբարներ կամ հակառակորդներ չեն, եւ կարելի է միմյանց հետ լեզու գտնել: «Շատ լավ ելույթ ունեցավ Զարմինե Զեյթունցյանը: Ընդհանրապես շատերը ելույթներ ունեցան` մշակույթի ոլորտից էին, տուրիզմի, ֆինանսների: Կար առողջ բանավեճ, միջազգային փորձագետներ, մեկի հետ տեսակապով շփվեցինք: Արդեն մտածել ենք, թե որն է լինելու մեր երկրորդ քայլը, որով դիմելու ենք կառավարությանը: Առաջինն իրականացավ` խոսքը բեմադրական գնումներին է վերաբերվում: Կա տարբեր օրենքներ միմյանց համապատասխանեցնելու հարց, վերջիվերջո Հովանավորչության եւ մեկենասության մասին օրենքի անհրաժեշտության մասին էլ խոսվեց:
Չեմ կարծում, որ կա մեկ այլ ճանապարհ: Եվ սա միայն ֆինանսների հարց չէ, սա հարց է հասարակությունը դարձնել ավելի մշակութային, որի կարիքն ունեն բոլորը` պետական գործիչները, բիզնեսով զբաղվողների, իրավապահ մարմինները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Մենք այսօր այնպիսի անհեթեթ բաներ ենք ասում եւ լսում, օրինակ, առողջապահության մասին, որը պարզապես մշակույթի պակասից է գալիս, միջնադար: Բոլոր փորձերը արվեստը բերել եւ դնել որոշակի կենցաղային գնահատականների մեջ, դատապարտված են, հակառակ դեպքում կունենանք պլակատ, որը շատ տարածված է եղել բռնատիրական երկրներում, ԽՍՀՄ-ում, նացիստական Գերմանիայում, այսօր` Հյուսիսային Կորեայում, Կուբայում…Բոլորը աշխատաժողովը դրական գնահատեցին: Ամենակարեւորը` մենք եւս զգացինք, որ մի միասնականություն ենք` ունենալով շատ տարբեր հայացքներ, այդ թվում` գեղագիտական, տարբեր մոտեցումներ: Բոլոր դեպքերում կան ոլորտին վերաբերող հարցեր, որոնք վերաբերվում են բոլորին, սրանք են այն կարեւորագույն կետերը, որով ընդհանրապես զարգանում է հասարակությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, հաճախ մարդիկ փնտրում են այն ամենն ինչն իրենց առանձնացնում է, մինչդեռ կամուրջներ կառուցելու համար պետք է փնտրել այն, ինչը միացնում է բոլորին, արվեստի ու մշակույթի մարդկանց. «Հանդիպումը նաեւ արդյունավետ էր այն առումով, հնչած ելույթները դասախոսություններ չէին, ճշմարտություններ չէին: Դա փորձ էր գտնել ամենաօպտիմալ, ամենալավ տարբերակը, որով կապահովվի թատրոնների բնականոն կյանքը: Թատրոնը ժամանակավոր արվեստ է, հետեւաբար այն ամբողջովին ենթարկվում է կյանքի օրենքներին` ծնվել, ապրել, մահանալ: Եթե մենք այդ գործառույթը թողնենք պետության վրա, պետությունը սովոր է կառուցել դամբարաններ, դնել այնտեղ դագաղը եւ ասել` ես սա ստեղծել եմ:
Ավելի վատ բան էլ է տեղի ունենում` դագաղը տեղափոխում ենք ծննդատուն եւ ասում ենք` ճանապարհը փակ է: Ուրեմն մեխանիզմները, օրենքները պետք է տան լայն հնարավորություն, որպեսզի ինքնաբուխ ստեղծվեն նոր թատրոններ, քանի որ միշտ ամենահետաքրքիր թատրոնները եղել են նոր ծնվածները: Եթե մենք փակում ենք այդ դաշտը, չենք նպաստում, որ ինքնուրույն այդ թատրոնները ծնվեն, մենք փակում ենք նոր գաղափարների մուտքը, եւ այստեղ տեղի ունենում լճացում: Պետությունը չի կարող այդքան թատրոն պահել իր ուսերին, չի էլ ուզում, եւ պետք էլ չէ, բայց թող պայմաններ ստեղծի: Տվեք իրավունք, որպեսզի ես ինքս կարողանամ ապրել, զարգանալ, ու բնականաբար կհրաժարվեմ այդ «կովից»: Կարծում եմ մենք կհասնենք դրան, պարզապես կառավարությունը եւս պետք է հաղթահարի որոշակի վախեր: Վախերից մեկը հետեւյալն է` մեծահարուստները կփորձեն ձեր միջոցով փող լվանալ: Ես էլ ասում եմ` երբ մաքսանենգության դեմ պայքարում են, մաքսատունը չեն փակում, կամ բժիշկների կաշառակերության դեմ պայքարելիս հիվանդանոցը չեն փակում»:
Հավելենք, որ «Արժեք եւ գին» աշխատաժողովը կազմակերպվել էր ԿԳՄՍ նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Բրիտանական խորհրդի և Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի համագործակցությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ