Հոկտեմբերի 20-ին ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հյուրին ներկայացրեց Աբովյանների տոհմական տան պատմությունը, անդրադարձավ մեծանուն լուսավորչի կյանքին ու գործունեությանը:
Մ. Պիոտրովսկու համար ճանաչողական շրջայց կազմակերպվեց նաև թանգարանի գլխավոր ցուցասրահում: Այցելուների տպավորությունների մատյանում հյուրը հետևյալ գրառումն արեց. «Խորին շնորհակալություն հայ մշակույթի Արարատի՝ Աբովյանի մասին հիշողությունը պահպանելու համար: Թանգարանը հրաշալի ներկայացնում է համաշխարհային մշակույթը ընկալելու և իրենը դարձնելու հայերի պատրաստակամությունը: Ձեզ մոտ շատ հարմարավետ է»:
Միխայիլ Պիոտրովսկին իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց թանգարանի անձնակազմին Խաչատուր Աբովյանի պայծառ հիշատակը վառ պահելու համար և խոստացավ, որ մոտ ապագայում ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն:
Հանդիպման ավարտին Մ. Պիոտրովսկին Աբովյանների տոհմատան պատշգամբում թեյի սեղանի շուրջ զրուցեց թանգարանի աշխատակիցների հետ: Թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը պատվավոր հյուրին նվիրեց Խ. Աբովյանի՝ Վ. Ժուկովսկուն գրած նամակի կրկնօրինակը:
Կարդացեք նաև
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրինություն