Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը ներկայացրին Հայաստանում մեդիա սպառման մասին իրականացված հետազոտության արդյունքները, որին հետեւեց քննարկումը։ Հետազոտությունն իրականացվել է 2015, 2017 եւ 2019թթ: Վերջին հետազոտությանը մասնակցել է 1200 քաղաքացի, իսկ 2017-ին եւ 2015-ին համապատասխանաբար`1178 եւ 1448:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացրեց հետազոտության պատմությունը, ասաց, որ առաջին հետազոտությունն իրականացրել են 2015 թ, բայց ավելի շատ որպես իրենց ներքին աշխատանքային գործիք է դա եղել` հասկանալու աշխատանքի արդյունավետությունը եւ գնահատելու համար Հայաստանում իրավիճակը: Հետո որոշել են շարունակել ու հրապարակել: Ինչ վերաբերում է ներկայացվող համապարփակ հետազոտությանը, տիկին Սարգսյանը հավելեց, որ նման բան դեռեւս չի իրականացվել:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե Սարգսյանը այլ մանրամասներ էլ ներկայացրեց, անդրադառնալով նաեւ մեդիագրագիտությանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ հետազոտության արդյունքների` հեռուստատեսությունը 2019-ին շարունակում է մնալ ամենահաճախ օգտագործվող տեղեկատվության աղբյուրը, սակայն հեռուստաալիքների օրական դիտումները նվազել են 82-ից մինչեւ 72 %, նաեւ հարցվածների շրջանում թերթեր կարդացողների թիվը 2015-ի 10 %-ից 2019-ին նվազել է մինչեւ 2%:
Երկրորդ ամենասպառվող տեղեկատվության աղբյուրը ՀՀ-ում սոցցանցերն են ու համացանցն ընդհանուր առմամբ: Վերջինիս օգտագործման մակարդակը աճել է 2015-ի 32%-ից 2019-ին կազմելով 57%:
Ըստ հետազոտության արդյունքների, համացանցից օգտվող հարցվածների 17%-ը կարդում է առցանց նորություններ սկզբնաղբյուրների կայքերից, իսկ 83%-ը` սոցիալական ցանցերի միջոցով: Չնայած, որ հարցվածների 57%-ը ամեն օր օգտվում է համացանցից, սակայն նրանց միայն 11%-ն է նորություններ կարդում ամեն օր սկզբնաղբյուրից, իսկ 16%-ը` շաբաթական 1-2 անգամ: Հարցվածների 55%-ն ասել է, որ նորություններ չի կարդում համացանցում: Ի դեպ, այս թիվը 2017-ին 67% էր:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրեն Սոնա Բալասանյանը նշեց, որ հետազոտությունը թիմային աշխատանքի արդյունք է: Նա զուգահեռներ տարավ 2015, 2017 եւ 2019թթ գրանցված պատկերների միջեւ:
Մանրամասն՝ տեսանյութում
Հետազոտության մեջ հետաքրքիր պատկեր է արձանագրվել տեղեկատվության հավաստիության ստուգման արդյունքների առումով: «Ինչպե՞ս եք ստուգում կասկածելի տեղեկությունը» հարցին ի պատասխան` 32%-ը նշել է, որ թեմայով որոնում է անցնում համացանցում, 26%-ը փնտրում է նույն թեմայով հոդված իր համար վստահելի կայքում, 23 %-ը նշել է, որ հարցնում է ծանոթներին ընկերներին, բարեկամներին, 16 %-ը` գտնում է տեղեկատվության սկզբնաղբյուրը եւ նրանից ճշտում, իսկ 3 %-ը գրառում է կատարում սոցցանցում:
Հաճախ համացանց օգտագործողները ստիպված են լինում նորությունը/տեսագրությունը նայելու համար սեղմել հղման վրա եւ անցնել այլ էջ: Ինչպե՞ս են վարվում հարցվածները: 25%-ը պատասխանել է, որ երբեք չի սեղմում նորությունների վրա, որոնք այլ էջ են տանում, պարզվում է, որ 34%-ը երբեք չի ստուգում, 6%-ը միշտ ստուգում է, 11%-ը հիմնականում ստուգում է, իսկ 24 %-ը հազվադեպ է ստուգում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ