Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր շրջադարձ՝ ԱԺ-ում, ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի մասին «Լուսավոր Հայաստանի» նախագծին «Իմ քայլը» հիմա դեմ է

Հոկտեմբեր 22,2019 15:44

Այսօր ԱԺ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ուշագրավ շրջադարձ եղավ:

Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ ընթերցումն է, մինչ այդ նախագիծը բուռն քննարկվել էր եւ ընդունվել: Նախագծով առաջարկվում է, որ ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակվեն այն անձինք, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Այսինքն, 25 տարեկանը կարող է նաեւ նշանակվել:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ 25 տարեկան «վունդերկինդ» պետք է լինի, որովհետեւ չափանիշներին պիտի համապատասխանի՝ իրավաբանական կրթություն, ստաժ եւ այլն:

«Իմ քայլը» կողմ էր նախագծին, ավելին, նույնիսկ ԼՀԿ-ին քննադատում էին, որ իշխանությունների պատվերով է բերել այս նախագիծը: Սակայն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց. «Առաջարկում ենք խորհրդարանին դեմ քվեարկել այս նախագծին»:

Նա ասաց, որ կողմ են եղել հանձնաժողովում, վերահաստատում են իրենց մոտեցումը, որ այս մարմիների ղեկավար կազմում նշանակման ազատականացումը այն լուծումն է, որը հնարավորություն կտա ունենալ ԱԱԾ-ում եւ ոստիկանության համակարգում պրոֆեսիոնալ եւ վստահելի ղեկավար կազմ: Բայց թե ինչու պետք է դեմ քվեարկեն երկու ընթերցում անցած նախագծին՝ Վլադիմիր Վարդանյանը բացատեց, որ նիստից հետո հեղինակի հետ խոսել են, խորհրդակցել են, գտնում են, որ այլ կարգավորումներ է նախապատրաստվում եւ պետք է ամեն ինչ փոխկապակցված լինի: Նա ասաց, որ պետք է նախագիծը լրամշակեն ու նորից բերեն:

Արման Բաբաջանյանն առաջարկեց, որ Ներքին գործերի եւ անվտանգության նախարարություններ դարձնեն ու այդ մարմինների ղեկավարները քաղաքական մարդիկ կլինեն:

Մարուքյանն ասաց. «Ասվել է՝ եկեք կառավարության կառուցվածք վերադարձնեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն՝ որպես նախարարություններ, այդ թվում՝ ՊԵԿ-ը: Այս ռեֆորմը մերժվել է այս խորհրդարանում: Հիմա եկել ենք, ասում ենք՝ եկեք միջանկյալ տարբերակով լուծենք խնդիրը, ազատենք կապանքներից, որից հետո սահմանադրական փոփոխությունների ժամանակ այս հարցը քննարկենք»: Նա ասաց, որ համաձայնել են, որ այս նախագիծը հիմա չընդունվի, նոր առաջարկներ ստանան, նորից սկսեն քննարկել, առաջին ընթերցում անել, բայց այս հարցն այլընտրանք չունի, պիտի լուծվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031