Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և փաստել, որ հոկտեմբերի 19-ին և 20-ին այս երկրի իշխանությունները բռնի ուժով ցրել են խաղաղ ցույցերը, որոնք անցկացվել են Բաքվի կենտրոնական հրապարակում:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ակտիվիստներին, ինչպես նաև հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին տեղեկությունները:
«Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անտեսում են խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը: Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ձերբակալվածներին»,-ասել է HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով պատասխանատու Գեորգի Գոգիան:
Նրա խոսքով՝ թեպետ ցույցերը արտոնված չէին, բայց ոստիկանությունը չպետք է ուժ կիրառեր ցույցի մասնակիցների հանդեպ, որոնք ոչ մի վտանգ չէին ներկայացնում: «Հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է և Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել բողոքի խաղաղ ցույցերը անգամ Բաքվի կենտրոնում»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ