Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե որ դեպքում Անկարան կվերսկսի ռազմական գործողություն Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը, Էրդողանն այս մասին հայտնել է ճեպազրույցի ժամանակ Սոչի մեկնելուց առաջ:
«Եթե Միացյալ Նահանգները չկատարի մեր երկրին տված խոստումը, մենք կշարունակենք օպերացիան՝ ավելի վճռական կերպով»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Խոսելով խոստումների մասին՝ Էրդողանը նկատի ունի 120 ժամվա ընթացքում քրդական միավորներին Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերելու Միացյալ Նահանգների հայտարարությունը: Այս հարցի շուրջ Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են հոկտեմբերի 17-ին: Միևնույն ժամանակ քրդերը քննադատել են Սիրիայում 30 կիլոմետրանոց խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ահաբեկիչներից մաքրել է ավելի քան 2000 քառակուսի կիլոմետր տարածք, ոչնչացվել է 775 գրոհային: Թուրքիայի առաջնորդը վստահեցրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ համաձայնեցրել է «ահաբեկչության դեմ պայքարի յուրաքանչյուր կետ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ