«Եթե որեւէ գործունեության մեջ կա անօրինականություն՝ հանցանք, դա պատժելի է: Բայց, ասենք թե, ես տեսնելով, որ նրանց հանդեպ քննություն է, դա ինձ համար անընդունելի է: Խնդիրը Թովմասյա՞նն է. հարց չկա, թող հանցակազմ ներկայացնեն, որ հանցանք է կատարել, մենք բոլորս կողմ կլինենք, թող պատժեն, մենք հանցագործությանը կողմ չենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների՝ ԱԱԾ կանչվելուն:
«Բայց որպես ընտանիքի մարդ, տեսնելով, որ 16 եւ 18 տարեկան աղջիկներին կանչեն հարցաքննության, դա իմ համար ընդունելի չէ: Իրենց քայլերով անհարմար իրավիճակի մեջ են դնում վարչապետին, ուզում են ցույց տան, թե մարդը չի համապատասխանում պաշտոնին»,-հավելեց Գագիկ Ծառուկյանը՝ նկատի ունենալով, որ ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի դիմումը:
Հարցին՝ «Հրայր Թովմասյանին ՍԴ-ի լեգիտի՞մ նախագահ եք համարում», Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ինչու լեգիտի՞մ չէ… թող հիմնավորեն, մենք էլ ասենք, որ լեգիտիմ չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ