Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե ասել` ասել էիր, տեր կանգնեիր ասածիդ». Էդուարդ Շարմազանովը` Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 22,2019 13:33

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ մինչ օրս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել Արցախի հարցի վերաբերյալ իր տեսլականը: «Միգուցե իր տեսլականը Ալիեւին կիրթ համարե՞լն է, Դուշանբեի վերելակում մութ պայմանավորվածությունների ձեռքբերո՞ւմը»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում հեգնանքով նկատեց նա:

Մի բան, սակայն, ըստ բանախոսի ակնհայտ է` մեր դաշնակից երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» համաժողովում առաջին անգամ Հայաստանին մեղադրեց՝ բանակցություններն ապակառուցողական փուլ տանելու մեջ: «Ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սարգսյանի իշխանության ժամանակ համանախագահ որեւէ երկրի ԱԳ նախարար ՀՀ իշխանությունների հասցեին ուղիղ նման մեղադրանք չի հնչեցրել»,- փաստում է բանախոսը`ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները համարելով դեղին քարտ Ադրբեջանին`ռազմական գործողություններ սկսելու համար եւ այդ ժամանակ առկա էր «կոնսեսուս-1», որն Ադրբեջանն էր: Մինչդեռ, ըստ նրա, այսօր առկա է Միլանի պայմանավորվածություն, որտեղ «արդար լուծում» բառակապակցությունն է եւ բացակայում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեզը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Վերջերս մամուլի ասուլիսում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Արցախի հարցում, Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության շարունակությունն է: Aravot.am-ի հարցին`կիսո՞ւմ է այդ կարծիքը, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 1992 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հայտնի հարցազրույցը, որում առաջին նախագահն ասել էր`դեմ չէ, որ ԼՂՀ-ն մնա Ադրբեջանի կազմում`լայն ինքնավարությամբ: «Մենք երբեւէ նման կարծիք չենք ասել: Բայց Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, տրամագծորեն հակառակ բանն է ասում: Մենք ապրում ենք մի ղեկավարի ժամանակաշրջանում, որն առավոտյան մի բան է ասում, կեսօրին`այլ, երեկոյան`այլ, ՄԱԿ-ի ամբիոնից մի բան է ասում, Ստեփանակերտում`այլ: Պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի. 2008-ի մայիսի 9-ին հայտարարեց, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, ամիսներ անց`համանախագահները քննադատեցին Փաշինյանի այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը այլեւս լռեց: ՀՀ ԱԺ-ում ասաց`մեզ պետք է մի որոշում, որը պետք է ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդին. մենք դեմ ենք, բայց դե մարդն ասեց, իր տեսլականն է: Հետո օգոստոսին գնաց Ստեփանակերտ`ասաց միացում, Արցախը Հայաստանն է, եւ վերջ: Դե ասել`ասել էիր, տեր կանգնեիր ասածիդ: Հետո ՄԱԿ-ում հայտարարեց, որ ես ՀՀ-ի առաջին ղեկավարն եմ, որը պնդում է, որ լուծումը պետք է ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդին: Հիմա ես`ընդդիմադիր, միամիտ լոռեցի գործիչս, Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ: Մեկ ասում է`ես արցախցիներից մանդատ չունեմ, որ հարցը լուծեմ, մեկ ասում է`հանրաքվե կանենք: Չի լինում այդպես, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ձեռք է առնում ՀԱՊԿ-ին, իսկ այսօր, երբ վարչապետ է, ՀԱՊԿ-ի համաժողովներին 11 անգամ «սպասիբոներ» է շռայլում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Այլ մանրամասները` տեսանյութում

«Արցախն անկախ հանրապետություն է, եւ վերջ»,- հստակեցնում է Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի կամ մեկ այլ իշխանության գործառույթը մեկը պետք է լինի`պաշտպանել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի, Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այժմու ողբալի եւ խիստ մտահոգիչ կացութեան առաջին գիծի պատասխանատուն՝ Ձեր պետն է, որ ուժը չունեցաւ գործադրելու իր պետական տարրական իսկ պարտականութիւնները, ու երկիրը յանձնեց, լքեց այս խմբակին: Երկրորդ գիծի յանցաւորը՝ Դուք էք, քանի որ մերժեցիք միւս անձնաւորութիւնը որ վարչապետ պիտի դառնար, եւ քաջալերեցիք որ Ձեր պաշտած պետը ջանայ յաւերժացնել իր քաղաքական հեղինակութիւնը (մինչդեռ նրա երկրորդ անգամ նախագահ ընտրուիլը արդէն աւելորդ էր) : Միա՛յն վերոյիշեալ պատճառներով է որ այդ խորտակիչ խմբակը կարողացաւ հասնիլ մինչեւ այնտեղ ուր որ է հիմա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031