ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարել ու բարձր առաջադիմությամբ ուսանողներին տալ 20 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմությամբ սովորողներին՝ 30 հազար դրամ: Առ այսօր բակալավրում սովորող բարձր առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակը 5000 դրամ է, գերազանց առաջադիմությամբ ուսանողներինը՝ 6000 դրամ: Բարձր կուրսերում մի քանի հարյուր դրամով ավելանում է: Բակալավրիատում եւ մագիստրատուրայում կրթաթոշակների չափն ուղիղ 20 տարի է՝ 1999թ .առ այսօր: Հանձնաժողովում այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել՝ հիմնավորմամբ, որ չկա հստակ հաշվարկ, բացի այդ, չեն կարող մի քանի անգամ բարձրացնել կրթաթոշակի չափը:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հորդորեց օրակարգ մտցնել ու քննարկել, քանի որ գերազանց սովորող ուսանողը իր ծնողներին եթե օգնի՝ շատ մոտիվացնող կլինի: «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ կրթության որակին պետք է նպաստեն ոչ թե այս տարբերակով՝ պարգեւավճարով, այլ՝ հնարավորություն ստեղծեն, որ այդ գումարով ուսանողը գնա, օրինակ, մարզասրահ, թանգարաններ:
Այս նիստում իշխանությունները մերժեցին ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած 9 նախագիծ, որոնք բացասական եզրակացություն էին ստացել հանձնաժողովներում:
Մանե Թանդիլյանը, որի նախագծերը նույնպես մերժվել էին, քննադատեց իշխանական պատգամավորներին, որ այն փաստարկները, որոնք հնչեցվել են նախկինում, տեղին չեն, եւ հարիր չէ այս ԱԺ-ի կողմից հնչեցնել՝ այս նույն դահլիճում: Թունյանն ասել էր՝ այնպիսի տպավորություն է, որ ժողովրդի համար լավ բան եք անում, մենք դեմ ենք, Թանդիլյանն էլ պատասխանեց. «Բա ցուցանակն ի՞նչ է ապացուցում, եթե ոչ դեմ լինելը, կարմիրն ինչի՞ մասին է»,- ասաց նա՝ ցույց տալով քվեարկությունների ցուցանակը:
Կարդացեք նաև
«Իմ քայլական» Ծովինար Վարդանյանն իր ելույթում Թանդիլյանին դիմելով՝ հարցրեց. «Էն որ ասում են՝ մեր ո՞ր գործած մեղքի համար»:
Թանդիլյանի փոխարեն պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Որն է ձեր մեղքը: Ձեր մեղքն այն է, որ մի քիչ բաներ կան, որ կարողանում եք հիմնավորել մերժելուց, բայց, օրինակ, եկամտահարկի հետ կապված բաներ կան, որ վարձու աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով նույն աշխատավարձն է ստանում եւ ունենք տեղ, որ հավասարեցված են հարկերով, ինչո՞ւ չկարողանան օգտվել հիփոթեքային վարկի պետական ծրագրից: Դուք ասում եք, մերժել եք, որովհետեւ Ֆիննախն ասում է՝ տեխնիկական բաներ կան: Էդ ֆինանսների նախարարությունն է ասո՞ւմ, էդ էն նախարարությունն է, որի նախարարին ասում են՝ աշխատավարձդ ինչքան է, hetq.am-ին պատասխանում է, որ գաղտնիք է, հայտարարագրով կասե՞նք: Էդ էն նույն ֆինանսների նախարարն է, որին չեք հարցրել՝ ոնց են աշխատավարձերը գաղտնի բարձրացրել, բա էդ հարցրեք, ի՞նչ է տեխնիկական խանգարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ