Հայերս շատ երգեր ունենք մոր, մայրական սիրո ու ջերմության մասին, ինչն, անշուշտ, տեղին ու արդարացված է: Բայց, չգիտես ինչու, հայրական տան թեման առայսօր շատ քիչ է շոշափվել եւ, կարելի է ասել, անարդարացիորեն վրիպել մեր ուշադրությունից` դուրս մնալով ազգային երգացանկից:
Ահա այդ բացը լրացնելուն է, թերեւս, գալիս «Կարոտներիս մանկություն» երգը, որի պրեմիերան կայացավ վերջերս` Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» հաղորդաշարով: Առհասարակ, «Երգ երգոցի» նոր եթերաշրջանը հաճելի անակնկալներ պարգեւեց շատ երաժշտասերների, որոնք մեկ անգամ եւս առիթ ունեցան ապրելու հայկական երգ-երաժշտության, ազգային զուլալ ու անարատ ակունքներից բխող երգարվեստի վայելքն ու քաղցրությունը:
Շատ ունկնդիրների անկեղծ ու անմիջական տպավորությամբ, «Կարոտներիս մանկությունը» միայն մանկության կարոտների հուզաթաթավ, քնքշաբույր երգ չէ, այն յուրօրինակ ձոն է հայրական տանը եւ արժեւորում է հայ գյուղաշխարհը` իր հեքիաթներով, ընտանեկան սրբությամբ ու նվիրական հավատարմությամբ: Այո՛, երգն իր թեմատիկայով նորություն է, իր տրամադրությամբ հուզական ու դեպի մանկության անաղարտ զգացումները տանող, ինչը եւ մաքրում ու լիցքավորում է մարդուն, առավել բարիացնում ու ջերմացնում նրան:
Ինչ վերաբերում է զուտ մասնագիտական դիտարկումներին, ապա այդ տեսանկյունից եւս երգն անվիճելիորեն շահեկան դիրքերում է: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այսօր մեզ հաճախակի մատուցվող երաժշտական անճաշակության մթնոլորտում, այսպես կոչված` ժամանակակից նորաոճ ու անհասկանալի ձեւերի «աղմուկ-աղաղակի» մեջ ծնվում են նման բարձրաճաշակ երգեր:
Կարդացեք նաև
Երգեր, որոնք վերստին արթնացնում են իսկական, ճշմարիտ հայի բարձր ճաշակն ու ինքնագնահատականը: Շնորհաշատ Գրիգոր Ծատուրյանի այս բանաստեղծության մեջ հաճելի բացահայտում կարելի է համարել «կարոտներիս մանկություն» արտահայտությունը, որը բավականին իմաստալից, խոր միտք պարունակող խոսք է, կարելի է ասել` բանաստեղծական հայտնաբերում: Իսկ մեղեդին` հրաշալի, գեղեցիկ, հանրաճանաչ երգահան Սասուն Պասկեւիչյանին բնորոշ, սովորական ականջի համար մի քիչ անսովոր, բայց մարդու հոգեկան աշխարհը հիմնիվեր ջերմացնող ու հարստացնող:
Ընդունված է ասել, որ թույլ բանաստեղծական խոսքի վրա, որքան էլ ջանաս, գեղեցիկ մեղեդի չես կարողանա ստեղծել, այնպես որ, այս պարագայում բանաստեղծ-երգահան համագործակցությունը մեծապես շահել է եւ անչափ գեղեցիկ պտուղ տվել: Եթե դրան էլ գումարենք Լեյլա Սարիբեկյանի չքնաղ, անզուգական կատարումը, ապա արդյունքում ստանում ենք արվեստի ճշմարիտ գործ, հրաշալի երգ, որն ի զորու է, հավատացած ենք, դիմակայելու ժամանակի խստապահանջ քննությանը……
Մնում է հավատալ, որ ստեղծագործական այս եռյակի հրաշալի համագործակցության արդյունքում նոր երգեր ու արվեստի հրաշալի գործեր կծնվեն` վայելքի անմոռանալի պահեր պարգեւելով հայ երաժշտասերներին:
Վաչե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2019