Մինչ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեր հայրենակիցներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանից գումարների ակտիվ արտահոսք է տեղի ունենում դեպի Միացյալ Նահանգներ։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ Հայաստանի տրանսֆերտային փոխանցումների հաշվեկշիռը դարձել է նույնիսկ բացասական։ Այսինքն՝ ավելի շատ գումարներ են գնում, քան թե ստացվում։
Մայիս-հունիսին Հայաստանից Միացյալ Նահանգներ է փոխանցվել միջինն ամսական ավելի քան 27 մլն դոլար։ Դա բերել է նրան, որ հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ֆինանսական միջոցների արտահոսքն այդ երկիր 2,5 անգամով ավելացել է։ Հուլիսին արտահոսքը Միացյալ Նահանգներ հասել է 33,5 մլն դոլարի՝ նախորդ տարվա 13 միլիոնի դիմաց։
Բայց այնպես չէ, որ գումարները գնում են միայն Միացյալ Նահանգներ։ Վերջին շրջանում Հայաստանից ռեկորդային քանակությամբ տարադրամ է դուրս գալիս։ Խոսքը բանկային համակարգով ֆիզիկական անձանց կատարած փոխանցումների մասին է։ Հուլիսին (սա հրապարակված վերջին տվյալն է) դրանք գերազանցել են 144 մլն դոլարը։ Մինչև հիմա երբևէ այդքան գումար դուրս չէր բերվել Հայաստանից։
Արտահոսք, իհարկե, միշտ էլ եղել է, բայց անհամեմատ ակտիվացել է հատկապես հունիս– հուլիսին։ Միայն այդ երկու ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր հասել են ռեկորդային 271 մլն դոլարի։
Կարդացեք նաև
Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչպիսի կտրուկ փոփոխությունների մասին է, բերենք նաև անցած տարվա նույն ամիսների արտահոսքի ցուցանիշները։ Այսպես՝ 2018թ. հունիս– հուլիսին Հայաստանից դուրս էր եկել 174 մլն դոլար։
Այսինքն՝ այս տարի արտահոսքը 97 մլն դոլարով կամ 55%-ով ավելացել է։
Նման դրսեւորումները սովորաբար ազդում են ֆինանսական, մասնավորապես՝ արժութային շուկայի վրա։ Սակայն Հայաստանի արժութային շուկան վերջին ամիսներին համառորեն կայուն է։ Ավելին, տեղի է ունեցել ազգային արժույթի ամրապնդում ամերիկյան դոլարի նկատմամբ։ Դա, անշուշտ, ունի իր պատճառները։ Բայց այդ մասին ավելի ուշ։
Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից, իհարկե, նոր երևույթ չէ։ Անցած տարի այս ճանապարհով երկրից դուրս էր բերվել շուրջ 1,2 մլրդ դոլար։ Նույնը տեղի է ունենում նաեւ այս տարի, սակայն շատ ավելի բարձր ակտիվությամբ։ Միայն տարվա առաջին յոթ ամիսներին բանկային փոխանցումների միջոցով Հայաստանից շուրջ 150 մլն դոլարով ավելի գումար է գնացել դուրս։ Այն անցնում է 780 միլիոնի սահմանը։ Տարադրամի արտահոսքն այս տարի ավելացել է շուրջ 23 տոկոսով։ 780 մլն դոլարը, անշուշտ, մեծ գումար է ՀՀ-ի տնտեսության համար, որը ներքին գործընթացներն աշխուժացնելու փոխարեն՝ ուղղվել է այլ երկրների տնտեսությունների ֆինանսավորմանը։ Թեեւ պետք է ասել, որ արտահոսքի մի մասը եղել է, պայմանական ասած, առեւտրային նպատակներով։ Նախկինում եւս նման փոխանցումներ կատարվել են, բայց այս տարի ակտիվությունն անհամեմատ մեծացել է։ Ու դա պայմանավորվել է հիմնականում մեկ գործոնով, գումարների մի մասի հաշվին մարդիկ տրանսպորտային միջոցներ են ձեռք բերել դրսից եւ տեղափոխել Հայաստան։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում