Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկամտահարկի հաշվին ձեր առողջական հարցեր լուծելը թարգեք. «Իմ քայլի» պատգամավորների ու Մանե Թանդիլյանի բանավեճը՝ ԱԺ-ում

Հոկտեմբեր 22,2019 12:10

Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը եկամտահարկով վճարելու սահմանափակումներ կան: Եթե տան արժեքը գերազանցում է 55 մլն-ը, կամ եթե եռամսյակի կտրվածքով վարկի մարումը 1,5 մլն դրամը գերազանցում է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություն անել եւ որոշ սահմանափակումները հանել, քանի որ բազմանդամ ընտանիքները խնդիր են ունենում, 1,5 մլն-ի սահմանափակումն արդեն բավարար է:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն ասաց, թե ինչու են բացասական եզրակացություն տվել նախագծին. «Սահմանափակումներ չլինելու դեպքում Երեւանի կենտրոնում կառուցապատողից հիփոթեքով գնված 1 մլն, 10 մլն, 100 մլն դոլարանոց առանձնատան ամբողջ տոկոսադրույքը պիտի վերադարձվի: Մենք այստեղ տրամաբանություն չենք տեսնում: Եթե խոսքը բազմանդամ ընտանիքների մասին է, գործող շեմը 55 մլն դրամ է՝ 115 հազար դոլար, այստեղ սոցիալական անարդարության մասին հարց լինել չի կարող: Հանձնաժողովում եղել է կարծիք, որ գոյություն ունեցող շեմը պետք է իջեցնել, որովհետեւ եթե մենք անվերջ եկամտահարկը վերադարձնենք, ապա շատ շուտով ՀՀ պետական բյուջեն չի բավարարի այդ գումարները վերադարձնելու համար»: Նախագիծը քվեարկությամբ մերժվեց:

Այնուհետեւ Մանե Թանդիլյանը ներկայացրեց մեկ այլ նախագիծ՝ «Հարկային օրենսգրքում» լրացումներ անելու, այս անգամ նա առաջարկում էր հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների՝ եկամտահարկով մարման հնարավորությունը տալ նաեւ քաղիրավական պայմանագրով աշխատողներին: Ըստ նրա, քաղիրավական ծառայողները հավասարեցված են վարձու աշխատողներին, նույն կերպ հարկ են վճարում, 1000 դրամների հիմնադրամին մուծում ու խտրականությունը պետք է վերացնել նրանց միջեւ:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Ներկայացված նախագծերի մեծ մասը վերաբերում է եկամտահարկի հետ վերադարձման հաշվին արտոնություններին: Այն, ինչ հիմա առաջարկում եք, ես հասկանում եմ, որ դա ականջահաճո է, հասկանում եմ, որ հիմա մեր քաղաքացիները որ լսեն, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք ուզում եք մարդկանց լավություն անեք, մենք դրան դեմ ենք արտահայտվում: 55 մլն դրամ արժողությամբ տուն գնողի համար սոցիալական խնդիր լուծելու հարց մենք չունենք, եթե 115 հազար դոլարանոց տուն է գնում մարդը, մի հատ հաշվեք տեսեք վարկի մարմանն ինչքան գումար է ուղղվելու, հաշվեք իր եկամուտը ամսական ինչքան է ու տեսեք՝ այդ մարդը սոցիալական աջակցության կարիք ունի՞, թե՞ չունի»:

Թունյանն ասաց, որ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտը ներդնելով՝ շատ հարցեր կլուծվեն. «Դուք ասացիք, որ իրար չենք գալիս, ուզում եմ ասել, որ արդեն իրար ենք գալիս ու շատ մոտ ապագայում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկենք»:

Թանդիլյանի այդ նախագիծը նույնպես մերժվեց քվեարկությամբ՝ 43 կողմ, 70 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:

Այնուհետեւ Թանդիլյանը ներկայացրեց մեկ այլ «ականջահաճո» նախագիծ՝ ասելով, որ այդ խնդիրը չի լուծվել արդեն 2 տարի այս կառավարության եւ 25 տարի նախորդ կառավարությունների օրոք: Խոսքը բժշկական ապահովագրության կամավոր ներդրման մասին է: Թանդիլյանն առաջարկում է, որ եկամտահարկից մինչեւ 50 հազար դրամ տրամադրեն վարձու աշխատողների կամավոր բժշկական ապահովագրության համար: Ըստ նրա, ապահովագրված առողջությամբ վարձու աշխատողն ավելի արդյունավետ կաշխատի, ապահովագրության ոլորտն էլ կզարգանա. «Սա ես դիտարկում եմ ներդրում մարդկանց առողջության մեջ, այլ ոչ թե ընթացիկ ծախս»:

Գլխադասային հանձնաժողովից Ծովինար Վարդանյանը, որը հարակից զեկուցողն էր, Թանդիլյանին այսպես արձագանքեց. «Եկեք հասկանանք, որ մինչեւ 50 հազար դրամը, որ պետք է գնա բժշկական ապահովագրությանը, իրականում դրա դիմաց ապահովագրական ընկերություններն առաջարկում են թույլ, ոչ հրապուրիչ ծառայություններ: Այս գումարները, որոնք մենք պատրաստվում ենք բյուջեից տրամադրել, իրական շահառուն այստեղ դուրս է գալիս ապահովագրական ընկերությունը: Աշխատողը պահանջատեր կլինի, երբ իր գրպանից կամավոր կվճարի ծառայության համար: Այդ ժամանակ կլինի ծառայությունների որակի բարձրացում: Ո՞ւմ հաշվին ենք մենք տալիս: Այսինքն, մենք տալիս ենք ինչ-որ մեկի առողջության ապահովագրությանը ո՞ւմ հաշվին՝ էն մնացած բոլոր քաղաքացիների, ում մանկապարտեզը չի սարքվում, ում փողոցը չի սարքվում: Ընդհանրապես այս մշակույթը եկամտահարկի հաշվին ինչ-որ հարցեր լուծել, ես կարծում եմ, շատ սխալ է»:

Թունյանն էլ Թանդիլյանին հորդորեց. «Խնդրում եմ, խոսելու ժամանակ ինձ ըտենց խիստ մի նայեք, որովհետեւ ես էլ եմ ուզում մարդկանց բոլոր խնդիրները լուծվեն, բայց ձեր ասած տարբերակով այդ խնդիրները չեն լուծվելու»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կատակեց՝ քվեարկենք, հետո ոնց ուզում եք իրար նայեք: Այս նախագիծը քվեարկությամբ եւս մերժվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031