Այժմ Սեւանա լճի ափամերձ անտառների ջրածածկման ենթակա հատվածներում մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտար տարածքի վրա:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մաքրման աշխատանքներն ընթանում են հոկտեմբեր ամսի սկզբներից եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ:
«Սեւանա լճի հիմնախնդիրները եւս շատ են, որոնց կարգավորման մեջ առաջնահերթ ենք համարում լճի ջրի որակի ապահովումը: Այսօր ջրի մաքրությանն առաջին հերթին սպառնում են ջրի տակ մնացած անտառային բուսական զանգվածները, որոնց նեխումից լճում առաջանում են անցանկալի, տհաճ երեւույթներ: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ առաջիկա երեք տարիների ընթացքում այդ բուսական զանգվածներից մաքրել 700 հեկտար տարածք, իսկ ջրածածկման ենթակա անտառային տարածքները եւս նախապատրաստել Սեւանի բարձրացմանը: Այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտարի վրա:
Մաքրման աշխատանքներում կփորձենք ներգրավել նաեւ Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին: Հատված ու արմատահան եղած ծառերից ու թփերից առաջացած վառելափայտը կտրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին: Առանձնակի ուշադրություն կդարձնենք նաեւ Սեւան թափվող գետերի վրա մաքրման կենսաբանական կայանների կառուցման ուղղությամբ, որպեսզի լճի ջրերը զերծ մնան նաեւ կեղտաջրերի աղտոտումից: Մտածում ենք Վարդենիկ գյուղի համար մաքրման կայան կառուցելու մասին: Հարկավոր է լիճը մաքրել ջրի տակ հայտնված շենք-շինություններից:Ամեն կերպ պետք է լուծում տանք այս բնապահպանական լրջագույն խնդիրներին»,-նշեց մարզպետը:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան