Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին ՌԴ քաղաքացուն ոստիկաններն արգելում դուրս գալ Հայաստանից. ՀՔԱՎ

Հոկտեմբեր 22,2019 11:56

2019-ի հոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «ՌԴ քաղաքացուն 2 ամիս ՀՀ-ից դուրս գալն արգելելուց հետո սեպտեմբերի 11-ին թույլ են տվել՝ առանց մեկնաբանելու պատճառները» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էր ՌԴ քաղաքացի Ա. Կամաևին 2 ամիս շարունակ ՀՀ-ից դուրս գալն արգելելու խնդրին։ Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը քաղաքացուն չէր պարզաբանել ապօրինի ձերբակալման հիմքերը, չէր տրամադրել այդ մասին նրան հասկանալի լեզվով փաստաթուղթ և չէր մեկնաբանում՝ ինչու են նրան արգելում ՀՀ տարածքից դուրս գալ։ Ընդ որում՝ 2 ամիս անց՝ 2019 թ. սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի դարձավ, որ նա կարող է լքել երկիրը, դրա մասին տեղեկացվել էր միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Այս դեպքում ևս քաղաքացուն չէր պարզաբանվել, թե ինչ հիմնավորմամբ իրեն թույլ չէին տալիս լքել ՀՀ սահմանը և ինչպես պատահեց, որ սեպտեմբերի 11-ից արդեն թույլատրվում է՝ դարձյալ չտրամադրելով բավարար տեղեկություն այդ մասին։

Կամաևի՝ ՀՀ-ից  գնալուց հետո արդեն,  նպատակ ունենալով ոստիկանության գործողությունները վիճարկելու դատական կարգով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը տեղեկություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝  խնդրելով տրամադրել  Կամաևի տվյալները սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգ մուտքագրելու և այնուհետև այնտեղից հանելու վերաբերյալ իրավական և փաստական հիմնավորումները, ինչպես նաև համակարգ մուտքագրելն ու ելքագրելը հիմնավորող փաստաթղթերի պատճենները։

2019-ի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը պատասխան նամակով պարզաբանել է Կամաևին առնչվող որոշ մանրամասներ։ Ըստ այդմ՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ Ա. Կամաևը 2013 թվականի փետրվարի 1-ից գտնվում է միջպետական հետախուզման մեջ՝ ՌԴ ՔՕ –ի 158-րղ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի մեղադրանքով (գողություն)։ Այդ տեղեկությունը 14.09.14թ.-ից մուտքագրվել է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ), որի հիման վրա Ա. Կամաևը ս/թ. հուլիսի 7-ին, սահմանային անցակետով ՀՀ մուտք գործելիս, հայտնաբերվել է ԱԱԾ սահմանապահների կողմից և փոխանցվել  ոստիկանության ծառայողներին:

Ուշագրավ է, որ նամակում այդպես էլ չկային տեղեկություններ այն մասին, թե ի՞նչ իրավական և փաստական հիմնավորումներով են  Անտոն Կամաևի տվյալները մուտքագրվել, այնուհետև ելքագրվել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգից, ինչպես նաև համակարգ մուտքագրելն ու ելքագրելը հիմնավորող փաստաթղթերի պատճենները։ Ինչ վերաբերվում է Անի Չատինյանի  գրությամբ հայցվող փաստաթղթերի պատճենների տրամադրմանը, ոստիկանությունը պատճառաբանել էր, որ դրանք չեն կարող տրամադրվել, որովհետև նախատեսված են միայն ներքին շրջանառության համար, ընդ որում նրանցից մի մասի շրջանառությունը իրականացվում է ներքին շահագործման համար նախատեսված էլեկտրոնային կապուղիների միջոցով’ առանց թղթային կրիչների:

Այսպիսով` արձանագրում ենք, որ ոստիկանությունը անձին պատշաճ չի տրամադրել իր վերաբերյալ հիմնավոր և գործողությունների հավաստիությունը ապացուցող փաստաթղթեր և տվյալներ։ Հարկ է նշել, որ անձի վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը իր համար գաղտնի լինել չեն կարող, առավել ևս անձի իրավունքը չի կարող սահմանափակվել գաղտնի փաստաթղթերով և այդպես էլ մնալ անհայտ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է դիմել դատարան՝ Ա. Կամաևի իրավունքների խախտմանը հանգեցրած իրավական խնդիրները լուծելու նպատակով։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031